Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար. «Ես զզվում եմ այս նախագահից»

Հունիս 11,2012 20:07

«Նատալի ֆարմին» չեն պատժել, ոչ էլ` տուգանել, այ եթե նա տուգանվեր 50 միլիոն դոլարով, ապա  դա իսկապես կլիներ  տնտեսական մեծ պատիժ»,-նման կարծիք հատնեց գերիշխող դիրքը չարաշահելու համար 50 միլիոն դրամով` մոտ 120 հազար դոլարով «Նատալի ֆարմին» տուգանելու որոշման մասին դեղ ներկրող «Սզնի» ընկերության ղեկավար Գառնիկ Սահակյանը:

«Սզնի» ընկերությանը «Նատալի ֆարմը» խոչընդոտել էր մասնակցել դեղերի ներկրման մի մրցույթին: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նամակում, որը ուղղված էր վարչապետին, գրված էր, որ ճանաչել են դեմպինգ, իսկ այսօր հանձնաժողովը դեմպինգ չճանաչեց: Եթե հաշվի առնենք, այն, որ «Նատալի ֆարմը» տարիներ շարունակ գերիշխող դիրք ունենալով շուկա է մտել ու դուրս եկել, այդ տուգանքը ոչինչ է»,-մեզ հետ զրույցում ասաց Գառնիկ Սահակյանը:

Aravot.am-ի հարցին, թե որքա՞ն է կազմել «Սզնի» ընկերության կրած վնասը «Նատալի ֆարմի» նման գործողությունների արդյունքում` պարոն Սահակյանը վստահեցրեց, որ մոտ 150 հազար դոլար, սակայն ամենամեծ վնասն այն է, որ բավականին երկար ժամանակ է, ինչ գործարարը այս քաշքշուկների ու պայքարի արդյունքում հիվանդ պառկած է եւ ինչպես ինքն ասաց` ուշքի չի գալիս. «Մենակ «Նատալին» չէ մեղավոր: «Նատալին» իշխանություն-բիզնես սերտաճած սիամական երկվորյակ  համակարգի մի մասն է, որը կործանել է իմ նման հազարավոր փոքր ու միջին բիզնեսի  ներկայացուցիչներին, ուստի այդ տուգանքը` 50 միլիոն դրամը, ոչինչ է»:

Մեր այն հարցին էլ, թե ըստ գործարարի, արդյոք այդ տուգանքը Սամվել Ալեքսանյանին «կարգի կհրավիրի՞» եւ այլեւս հակամրցակցային պայմաններ չի ստեղծի մյուս գործարարների համար, Գառնիկ Սահակյանն ասաց. «Սա կախված է երկրի  նախագահից: Եթե նախագահը նրան շալակել է` տարել խորհրդարան, եթե ամբողջ քարոզարշավի հիմնական ֆինանսավորողներից մեկը Սամվել Ալեքսանյանն է, եթե առաջիկայում նախագահական ընտրությունների եւ ընտրակեղծարարության ֆինանսավորողը էլի Ալեքսանյանն է լինելու, ապա ի՞նչ փոխվելու մասին է խոսքը: Սերժ Սարգսյանը նստած է մի ճյուղի վրա, դա Սամվել Ալեքսանյան է, որ եթե կտրեց, ինքը` նախագահը, գլխով տալու է գետնին ու մեռնի: Ինքը դա չի անի: Իրար հետ կապված են, ունեն մեկ ընդանուր սիրտանոթային համակարգ, մեկ արյան շրջանառություն, մեկ ընդհանուր օրգանիզմ են` 2 գլուխ` մեկն իշխանությունն է, մեկը` փողը»:

Մեր մյուս հարցին էլ` «Սզնի» ընկերությունը կշարունակի՞ իր գործունեությունը դեղերի շուկայում, պարոն Սահակյանն ասաց. «Ես փող չունեմ, կործանված եմ, մի դեղատուն ունեմ` օրվա հացի փող է տալիս, ի՞նչ բիզնես»:

Սամվել Ալեքսանյանից տուժած գործարարը  մեզ հետ զրույցում պնդեց, որ իր խոսքերը բառ առ բառ հրապարակենք, քանի որ ըստ նրա, ինքն այլեւս կորցնելու ոչինչ չունի. «Ես զզվում եմ այս նախագահից, սա պատուհաս դարձավ այս ժողովրդի գլխին: Զզվո’ւմ եմ, զզզզվո’ւմ եմ, այդպես էլ գրեք, թող գան անկողնու մեջ ձեռքերս կանդալեն տանեն: Սա չի փոխվի, Սերժ Սարգսյանն այնքան է խրված տնտեսական կրիմինալի մեջ, ուրիշ թիմ չունի, նրա թիմը գողերի ու հանցագործների թիմ է: Եթե սկսի իր թիմից կամաց քշել դրանց, մենակ է մնալու: Վերցրեք Ազգային ժողովն ու իրեն սատարաող ուժերը` բոլորը տնտեսական կրիմինալի մեջ խրված են…ընդհանուր կերակրատաշտի, էն խոզի լափամանի շուրջ միավորված, բյուջեի լափամանի շուրջ միավորված թիմ են դրանք: Կոչ եմ անում բոլոր տնտեսվարողներին` ոչ ոքին չհավատալ ու չդիմել` ոչ դատական համակարգին, որ դատախազությանը, ոչ էլ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, ոչ էլ վարչապետին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ.- «Սզնի» եւ «Նատալի ֆարմ» ընկերությունների միջեւ խնդիրները նոր չեն, անցյալ տարվա ընթացքում պարբերաբար «Նատալի ֆարմը» խոչընդոտել է «Սզնիի» գործունեությանը: Օրինակ, հետեւյալ դեպքը.ՀՀ Ոստիկանության Տնտեսական վարչությունը 2011թ. դեկտեմբերի 30-ին պաշտոնական նամակով ծանուցել է, որ, «ՇՀԱՊՁԲ-11/4» ծածկագրով մրցույթի հանձնաժողովի կողմից 2011թ. դեկտեմբերի 20-ին անցկացված մրցույթի արդյունքների ամփոփման նիստում ընդունված որոշմամբ, 130 չափաբաժնով մրցույթի հաղթող է ճանաչվել «Սզնի» ՍՊԸ-ն, որը վաստակել է 1 272 000 ՀՀ դրամի ծառայությունների կատարման իրավունք: Հաջորդ աշխատանքային օրը՝ 09.01.2012թ. սահմանված ժամկետներում «Սզնի» ՍՊԸ-ի տնօրենը ներկայացել է ՀՀ Ոստիկանություն` պայմանագիր կնքելու, սակայն նրան մերժել են անհիմն պատճառաբանությամբ: «Սզնի» ՍՊԸ-ի գնային առաջարկը եղել է 318 դրամ, սակայն պայմանագիր է կնքվել «Նյու Ինտերնեյշնլ Բիզնես Ֆարմ» ՍՊԸ-ի հետ 900 դրամով` պետությանը պատճառելով 2 328 000 դրամ գումարի վնաս:

Այս հարցով «Սզնի» ընկերության տնօրենը դիմել էր դատարան` ըննդեմ ՀՀ Ոստիկանության տնտեսական վարչության:

Իսկ մեկ այլ պատմության մանրամասներին էլ անդրադարձել էր «Առավոտը»` անցյալ տարվա նոյեմբերին: Կարող եք կարդալ այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930