ԱԺ պատգամավոր, հանգուցյալ Մելիք Գասպարյանի մահափորձի կազմկաերպման համար 9 տարվա ազատազրկման դատապարտվեց մանկավարժ, նկարչուհի Սիլվա Ասատրյանը: Նա 6 տարի 6 ամիս գտնվում է անազատության մեջ, 8 ամիս պահվել է Ազգային անվտանգության տարածքում գտնվող արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն», այնուհետ՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում: Օրեր առաջ Սիլվա Ասատրյանի «կիսաբաց ռեժիմ» պատժատեսակը փոխվել է «բացի», ինչը նշանակում է, որ առավոտյան ժամը 8-ից մինչեւ ժամը 20-ը նա գտնվելու է դրսում՝ աշխատելու է, ապա ներկայանալու է ՔԿՀ: Հենց «ազատության» մեջ էլ զրուցեցինք Սիլվա Ասատրյանի հետ:
– Սիլվա, ինչպե՞ս անցավ այդ վեցուկես տարի ժամանակը:
– Ճիշտն ասած, երբեք կալանավայրում չեմ հաշվել օրերը:
– Օրացույցն առաջին անհրաժեշտ պարագան է մեկուսարանում եւ պատին փակցրած «կենսագրության» շուրջ էլ ծավալվում է ամեն ինչ:
– Միակ մարդն եմ եղել, որ երբեք ժամացույց եւ օրացույց չեմ պահել մոտս: Երբեք չեմ իմացել, թե ինչ օր է:
– Քեզ այդ տարիների ընթացքում մի անգամ էլ «բաց թողեցին» 20 օրով. ինչպե՞ս:
– 20 օրով դուրս հանեցին… 3-4 օր հետո այն համընկավ Մելիք Գասպարյանի մահվան հետ:
Ես չէի էլ դիմել: Եկան, ասացին՝ հագնվիր, առավոտյան ժամը 10-ին տուն ես գնալու: Արդեն տանն էի, սեղանի շուրջ նստած էի, երբ զանգեցին ու հայտնեցին Գասպարյանի մահվան լուրը: Զանգողը կարծում էր պիտի ուրախանայի: Բայց ուրախություն չի կարող լինել, երբ ինչ-որ մեկը աշխարհից հեռանում է, նաեւ իր հետեւից թողնելով պարտքեր…
– Հիշո՞ւմ ես քո ազատազրկման առաջին օրը, ինչպե՞ս «դիմավորեցին»:
– Ասեմ, որ ես երբեւէ չեմ մտածել, թե կանայք դատապարտվում են: Առավել եւս ես չեմ մտածել, թե ինձ կդատապարտեն: Ամուսինս՝ Արթուրը մարզիչ էր, ես էլ՝ ուսուցիչ: Բարձր գնահատական դնելու համար նույնիսկ ծաղիկ չեմ վերցրել: Ինձ համար դատապարտվելու թեման գոյություն չի ունեցել, ու երբ հայտնվեցի ազատազրկման վայրում, հասկացա, որ գտնվում եմ մի աշխարհում, որի մասին ընդհանրապես գաղափար չեմ ունեցել, չգիտեի, որ կանայք ապրում են… արժեզրկված համակարգում:
«ԿԳԲ»-ի մեկուսարանում ոչ ոք չկար, «դիմավորող» չկար: Ա. Նադոյանը, որը վարում էր քննչական գործը, մի թուղթ կամաց սահեցրեց իմ կողմը՝ «դուք ծանոթացեք, ես դուրս գամ» ասելով: Ինձ մինչ այդ թվացել էր, թե քննիչները սիրտ չունեն, բայց այդպես չէր: Դուրս եկավ, որ ես ծանոթայի ձեռբակալմանս սանկցիայի հետ: Ու երբ ներս եկավ, ասացի՝ մի անհանգստացեք, եղածը հավանաբար թյուրիմացություն է…
– Իրո՞ք, այնտեղ գործում են նույնպիսի օրենքներ, ինչպիսիք տղամարդկանց մեկուսարանում է: Ասում են՝ կանանց մեկուսարանում էլ կան հեղինակություններ, չեմ թաքցնի՝ շեշտվել է նաեւ քո անունը:
– Լավ կլիներ, որ հեղինակություններ լինեին (ծիծաղում է- Ռ. Մ.): Այնպիսին չեմ, ինչպիսին են այնտեղ գտնվողները: Ընդամենը 20 օր եմ եղել «զոնայում»: Ընտանիքս ինձ հետ անցավ այդ ճանապարհը: Կանայք կան, որոնց համար ընտանիքը որպես արժեք գոյություն չի ունեցել եւ համակարգն էլ նպաստում է դրան: Ի՞նչ է նշանակում ընտանիքի մոր, կնոջ հետ տեսակցությունը սահմանափակել: Ծանր հոդվածներով դատապարտված կանայք 3-4 ամիսը մեկ ունեն տեսակցության իրավունք: 5%-ը հազիվ է աշխատում: Համակենտրոնացման ճամբարների վրա գրում էին՝ «Աշխատանքն ազատում է մարդուն», մենք բռնատիրությունից ազատվել ենք, մեր հայրենիքում ենք, տեղը ոչինչ չենք դրել:
– Բայց դու «աշխատանք» ունեցել ես:
– Ես նկարում էի, քանդակում, գրում էի:
– Ճաղերը, պատերը չէի՞ն խանգարում:
– Դրախտավայր է մեր մեկուսարանը՝ պատուհաններից դուրս: Չքնաղ այգի ունենք, խնամված: Գրեթե վերջին մեկ տարին աշխատում էի չիջնել զբոսանքի ամեն օր 2 ժամ: Նախորդ պետերը թույլ էին տալիս, որ նստեի այգում գիրք կարդայի: Հետո հրաժարվեցի: Դուք եղե՞լ եք մեր զբոսանքի վայրերում. վանդակ է հիշեցնում՝ բետոնե, նեղ, փոքրիկ, վերեւը՝ ճաղապատ: Ինչպե՞ս կարելի է զբոսնել այդ խայտառակ վանդակում:
– Նո՞ւյնն էր «ԿԳԲ»-ի մեկուսարանում:
– Դաշտ էր հիշեցնում «ԿԳԲ»-ի տանիքը. մեծ նստարաններ կան, մեծ տարածք է, վերելակով բարձրանում են, եւ կանանց նկատմամբ շատ նուրբ են: Անգամ ուղեկցողը, երբ դուռը փակում է, շատ զգույշ է փակում. իրականությունը եւ իրականությունից զատված քո զգացողությունը հետաքրքիր է: Ի դեպ, «ԿԳԲ»-ի մեկուսարանում այն զգացողությունը ունեի, թե մենակ չեմ, այնտեղ նաեւ ռադիո կար: Մտածում էի, որ Հրաչյա Աճառյանն էլ է եղել ՊԱԿ-ում, Չարենցն էլ: Չունեի վախի, սարսափի զգացողություն: Բանասիրական կրթությունս շատ օգնեց:
– Չե՞ս գրել:
– Կուտակել եմ ծանր բեռ: Այնքան ծանր է կյանքը, դժվար ես ապրում, որ եթե ուրիշին մի քիչ չես թեթեւացնում, երեւի պետք էլ չէ քո բեռը նրա ուսերին դնել: Երբեք չեմ ցանկանում, որ որեւէ կին հայտնվի բանտում: Անազատությունը մարդու համար չէ: Ցավոք, շատ սանձարձակ մարդկանց հանդիպեցի: Ազատությունն ու սանձարձակությունը տարբեր բաներ են:
– Սիլվա, դժվար չէ՞ երբ օրվա 24 ժամը քեզ հետեւում են դիտանցքից:
– «ԿԳԲ»-ի մեկուսարանում չէի զգում: Այստեղ հոտերով ես զգում, թե որ «կլյուչնիկը» մոտեցավ քո դռանը: Իրենց թվում է՝ զգույշ մոտեցան, դռանդ հետեւում են, իսկ դու անմիջապես գիտես, քանի որ այդ բույրը սենյակդ է լցվում: Նրանք գիտեն ցանկացած ինֆորմացիա եւ կարող են քո դեմ օգտագործել: Ընդհուպ մինչեւ քո երեխաներից… ում ես ավելի շատ սիրում: Կալանավայրի կանայք գիտեն, թե բազուկի հյութը ինչի համար է օգտակար, «անհրաժեշտ» պահին իմ դեմ օգտագործեցին, թե՝ «գինի եմ պատրաստում»:
– Ի դեպ, չսովորեցի՞ր ծխել, խմել:
– Ամբողջ մի կյանք գինի չեմ խմել: Ասում են, թե կալանավայր նշանակում է ձեռք բերել որոշակի շարժուձեւ, բառապաշար, ծխել սովորել… Ինձ համար չէ: 20 օրով գնացել էի «զոնա»: Մայիս ամիսն էր: Հիշում եմ՝ հազարներով յասամանները ծաղկել էին: Մեկուսարանը կարծես յասամանի փնջի մեջ լիներ: Զրուցում էի Ֆադեյ Տաճատիչի եղբոր աղջկա՝ Անահիտի հետ, որը պարտքով գումար էր վերցրել եւ չէր կարողացել վերադարձնել: Մեր կողքին կանայք կային, որ հայհոյանքով էին խոսում: Ակամայից շրջվեցի ու հարցրի՝ հետո՞: Ի՞նչ եղավ՝ հետեւեց: Հարցնում եմ՝ ինչո՞ւ եք հայհոյում: Պատասխանում է՝ դե, գիտես, նեղ տեղում ենք: Լավ, ի՞նչն է լայնանում՝ հարցնում եմ ու ասում՝ վաղը թոռնիկիդ գրկելու ես, թռցնելու ես, հո չե՞ս հայհոյելու: Պատասխանում է՝ ես հո տանը սենց բաներ չե՞մ ասելու, էնտեղ մերոնք են: Ի՞նչ է ստացվում, որ մենք մերո՞նք չենք:
– Սիլվա, քո գործընկեր ուսուցիչները երբեւէ եկա՞ն քեզ մոտ, քո աշակերտները:
– Ես այն քչերից եմ, որ ոչ ոք ինձնից երես չի թեքել: Գործընկերներս եկել են: ԱՄՆ-ից 3 անգամ ինձ այցելեց հայր Հարություն Պզտիկյանը, աշխատում էր, որ չկոտրվեմ: Չկոտրվեցի, որովհետեւ ընտանիքս կար: Ցանկացած նավապետ, երբ գիտի նավահանգստում է, վստահ է, որ ծովը մոտ է:
– Ի դեպ, դու տեսնում էիր նաեւ անչափահաս դատապարտյալների:
– Այո, կային անչափահասներ, որոնց 4 տարվա ազատազրկման են դատապարտել եւ մինչեւ վերջին օրը պահում են, վաղաժամկետ ոչ մեկը չի ազատվում: Այսինքն՝ շանս չեն տալիս որ կյանք մտնի: Բանտը եւ քրեակատարողական հիմնարկը դարձել է պրոֆեսիոնալ հանցագործների կերտման կենտրոն:
– Քեզ բաց ռեժիմի բերելը նշանակում է, որ պիտի աշխատես:
– Ես հավաքարար եմ աշխատում: Չեմ ամաչում դրանից: Ցանկացած աշխատանք, որ կօգներ իմ ընտանիքի հետ լինել՝ կհամաձայնեի: Ուզում էի թոռնիկիս խնամել (երբ կալանավայրում էր՝ 3 թոռ ունեցավ-Ռ.Մ.), մնալ տանը, պարզվեց՝ դա «ստաժ» չի համարվի:
– Ի դեպ, քո խցի ընկերներից մի կին մահացավ, ինչո՞ւ:
– Խոսքը, հավանաբար, 52-ամյա Լեյլի Չոփիկյանի մասին է: Պատիժ է, երբ 100 կին ամեն օր արթնանում են եւ հարցնում՝ Լեյլին մահացա՞վ: Նա քայքայված պահվում էր կալանավորների աչքի առաջ: Շաքարով մեկն էլ կար՝ կոմայի մեջ: Հիշում եմ՝ կողքիս Լեյլին էր, երբ մեկը ասթմայի նոպայի մեջ ընկավ: Ինձ թվում էր, թե տանիքը բարձրանում ու իջնում էր հիվանդի թոքերի ձայնից: Թվում էր, թե տանիքը… ապրելու ճիչ էր անում: Ուզում ես վազել-օգնել՝ չի կարելի:
– Սիլվա, վերջին մեկ տարում թարգմանությամբ ես զբաղված եղել, ի՞նչ ես թարգմանել:
– Սոցիոլոգ Ջերրի Կաշլյայի «Ուղեղի լվացքի մեքենա» գործնական խորհուրդների գիրքը, 240 էջ է: Սա պետք կլինի բանտարկյալներին: Այս գրքում մի միտք է կարմիր թելի պես անցնում. իրականում մարդը ոչինչ չունի, բացի իր մտքերից, որը պիտի կարգավորել, մաքրել՝ ինչպես ուղեղը:
– Կալանավայրերի թիվ մեկ գիրքը «Աստվածաշունչն» է. բոլո՞րն են կարդում:
– Նույն «Աստվածաշնչում» կա այսպիսի միտք. «Ծածկված է նրանց համար, ովքեր կործանվելու են»: Նրանք, ովքեր ընկալել են «Աստվածաշունչը», իսկապես օգնել է: Երկու լեզուներով կարդացել եմ: Շնորհակալություն Աղվան Հովսեփյանին, որ ինձ տվեց ժամանակ՝ պատիժը դարձավ պարգեւ: Աղվան Գառնիկին տվեց տարիներ, որն օգնեց ինձ ճանաչել տիեզերքը՝ ատոմից, բջիջից մինչեւ անսահմանություն: Ուր էլ լինի մարդը, պիտի օգտագործի ժամանակը եւ պաշտպանի այն սիրով: Եթե չի սիրում մարդը, մի րոպե չի կարող ապրել, նույնիսկ բանտում:
Զրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ