Հայաստանը կանգնած է բախտորոշ արտաքին մարտահրավերների եւ ներքաղաքական ցնցումների առաջ: Այս օրերին հայ-ադրբեջանական սահմանում եւ ղարաբաղյան ճակատային գծում Ադրբեջանի ռազմական մեքենայի գործողությունների հետեւանքով տեղի ունեցան ողբերգալի դեպքեր, որոնք խլել են մեր քաջարի զիվորների կյանքը, վտանգել սահմանային գյուղերում ապրող մեր հայրենակիցներին: Հայ Ազգային Կոնգրեսի անունից խորին ցավակցություն եմ հայտնում հայրենի հողը պաշտպանած մեր հերոս մարտիկների հարազատներին եւ զորակցում վտանգված սահմանային գոտում ապրող մեր հայրենակիցներին:
Ակնհայտ է, որ գործելով մարդկային կյանքեր արժեցած այս բացահայտ դիվերսիան ՝ Ադրբեջանը յուրահատուկ քաղաքական ուղերձ է հղում Հայաստանին եւ միջազգային հանրությանը` ռազմական միջոցով հակամարտությունը լուծելու իր պատրաստակամության մասին։
Ադրբեջանի ռազմական մեքենայի լկտիությունը սակայն պայմանավորված չէ միայն նավթադոլարային եկամուտների եւ ռազմավարական սպառազինությունների գնման հետ: Այն նախեւառաջ կապված է Հայաստանի այսօրվա վիճակի հետ: Մշտապես կեղծվող ընտրություններ, քրեապետական կառավարման համակարգ, որ խեղդում է մեր տնտեսության զարգացումը, վերից վար կոռումպացված պետություն, ահռելի չափերի հասնող արտագաղթ, ժողովրդի անասելի աղքատություն եւ տառապանքներ, աչքի զարնող սոցիալական անհավասարություն` այս է այսօր Հայաստանը, ինչ մեծացնում էհակառակորդի ինքնավստահությունը:
Կարդացեք նաև
Ադրբեջանի նավթային սպառազինման շանտաժին մենք կարող ենք ունենալ ազդու պատասխան` դեմոկրատական Հայաստան, որում բոլորը հավասար են օրենքի առջեւ, ուր գործում է ազատ տնտեսական մրցակցությունը, ուր իշխանությունը ընտրվում է ժողովրդի կողմից եւ հաշվետու է նրա առջեւ: Այսպիսի Հայաստանի համար արդեն հինգերորդ տարին պայաքրում է Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարած համաժողովրդական Շարժումը: Այս ընթացքում տասը մարդ զոհվեցին ռեժիմի գնդակներից, հարյուրավոր քաղբանտարկյալներ տարիներ անցկացրեցին բռնապետության բանտերում, արգելվեցին հանրահավաքներ: Բայց մեր Շարժումն անկասելի է:
Հակառակ պետականորեն կազմակերպված համատարած ընտրակեղծիքների, ընտրակաշառքի զանգվածային բաժանման եւ ընտրողների ահաբեկումների` այսօր Հայ Ազգային Կոնգրեսից 7 պատգամավոր մուտք են գործել Հայոց խորհրդարան: Սա էապես փոխելու քաղաքական գործընթացները Հայաստանում: Այսուհետեւ մեր հանրահավաքային պայքարին գումարվելու է մեր պայքարը խորհրդարանում:
Սերժ Սագսյանի պաշտոնակության գործընթաց, հակամենաշնորհային օրենսդրություն եւ մրցակցային տնտեսության զարգացում, իշխանությունների կոռուպցիոն գործարքների բացահայտում, խնայբանկի ավանդների վերադարձ, գյուղատնտեսական վարկերի ամնիստիա, մարդու իրավունքների, դեմոկրատական ազատությունների եւ սոցիալական արդարության ապահովում`ահա այն խնդիրները, որոնցով մենք զբաղվելու ենք Ազգային Ժողովում:
Ասվածը ամենեւին չի նշանակում, որ մենք կենտրոնանալու ենք բացառապես խորհրդարանական գործունեության վրա: Այս ամենը հաջողության որեւէ շանս ունի մի դեպքում միայն. եթե ժողովուրդը կանգնած է մեր թիկունքին եւ բոլոր այս հարցերի լուծմանը պատրաստ է աջակցել իր հավաքական ուժով` Ազատության հրապարակում:
Այո, մենք, Հայ Ազգային Կոնգրեսի յոթ պատգամավորս, Հայաստանի ժողովրդի Ազատության հրապարակի պատվիրակներն ենք Ազգային Ժողովում: Ազատության հրապարակը շարունակելու է ապրել իր կյանքով, եւ, ի վերջո, հասնելու բաղձալի հաղթանակին: Ուստի, հունիսի 26-ին, ժամը 19.00-ին մեր բոլոր համաքաղաքացիներին հրավիրում եմ Ազատության հրապարակ համապետական հանրահավաքի: