«Ամբողջությամբ բարեկարգվելու եւ կանաչապատվելու են Աբովյան փողոցի ապամոնտաժված շինությունների զբաղեցրած հատվածները»,- այս տարեսկզբին երեւանցիներին անձամբ խոստացավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Խոստումից մի քանի ամիս անց, նախկին կրպակների տեղում բացօթյա սրճարանն է: «Այն քաղաքապետարանի թույլտվությամբ է գործում»,- Aravot.am-ին վստահեցրեց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, որը ամիսներ առաջ հակառակն էր համոզում. «Աբովյան փողոցի մասով քաղաքապետը հստակ հայտարարեց` Աբովյան փողոցը վերադարձնել քաղաքացիներին, երևանցիներին, ինչը կատարվեց»:
«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ, ճարտարապետ Մարինա Պարազյանը դեռ մայիսին էր նկատել, որ մի բան այն չէ, երբ փողոցը ոչ թե կանաչապատել, այլ սալիկապատել էին ու նամակով հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ պահանջելով այդ տարածքի գլխավոր հատակագիծը.«Այս հարցերով դիմեցի քաղաքապետարան , որ ասեն՝ ինչու չի վերականգնվում հին տեսքը, ինչով կհիմնավորեք, որ այստեղ այլեւս շատրվան չի լինելու: Նրանք մի երեք շաբաթ հարցը պահեցին իրենց մոտ ու հետո ծաղրելի պատասխան տվեցին, թե այս հարցերով մեր մասնակիցներից մեկին պատասխանել են, բայց 3 տողով, ոչ թե Աբովյան փողոցի, այլ Մաշտոցի կրպակի մասով էին պատասխանել: Այն ժամանակ էլ էր պարզ, որ եթե չեն կանաչապատում, ապա այդ տարածքում մի բան բուսնելու է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ