Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս դիմահարդարվել ամռանը

Հունիս 11,2012 18:18

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շպարի պարագաները գեղեցիկ սեռի անբաժանելի մասն են կազմում: Կան մարդիկ, ովքեր առանց շպարի չեն կարողանում տանից դուրս գալ, իսկ երբ դուրս են գալիս առանց դիմահարդարման, նրանց մոտ առաջանում է թերարժեքության զգացողությունը: Արդեն ամառ է. շատերը հասցրել են այս կամ այն կերպ հետեւել նորաձեւությանը եւ շարժվել այդ ստանդարտներով. «Ես երբեք կողմ չեմ եղել այն գաղափարին, եթե նորաձեւ է, ուրեմն լավ է: Այդպիսի բան չկա: Դիմահարդարման մեջ այս տարի ակտուալ են վարդագույնը, նարնջագույնը իրենց բոլոր երանգներով, բայց եթե ես տեսնում եմ, որ այդ դիմագծին համապատասխան չեն այդ երանգները, ապա օգտագործում եմ այն գույները, որը էլ ավելի ընդգծուն կդարձնեն նրա գեղեցկությունը: Հաճախ հաճախորդները ընդդիմանում են` ցանկանալով օգտագործել այն գույները, որոնք  այդ շրջանում նորաձեւ են համարվում, սակայն շպարելուց հետո իրենք էլ համոզվում են, որ իմ առաջարկած տարբերակը ավելի ճիշտ է»,-ասում է դիմահարդար Մարիետա Բալասանյանը: Նա կարծում է, որ մաշկի խնամքը դիմահարդարման մեջ չէ, այլ հակառակը. հաճախ պետք է հանգիստ թողնել մաշկը, որպեսզի այն «շնչի», հատուկ գելերով ու քսուքներով մաքրել մաշկը փոշուց եւ չերեւացող մանրէներից. «Մեզ մոտ մտածում են, որ 26տարեկան է, ի՞նչ է եղել, երիտասարդ է, բայց իրականում 26տարեկանից պետք է լրջորեն զբաղվել մաշկի խնամքով»,-ասում է նա: Մարիետան խորհուրդ է տալիս դրսում անպայման կրել արեւային ակնոց, հատկապես, երբ դիմահարդարված եք. «Աչքերի շուրջ գտնվող մաշկը համարվում է ամենաարագ ծերացող հատվածը: Իսկ արեւային ակնոցները պաշտպանում են արեւի ճառագայթներից, որը թույլ չի տա կկոցել աչքերը, իսկ կկոցումը  կարող է նպաստել այդ հատվածի արագ ծերացմանը»:

Դիմահարդարման մեջ ամենաշատ կիրառվող պարագաները շրթներկն ու դիմափոշին են: Կոսմետոլոգ Անի Գեւորգյանը յուղոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տալիս մաշկին քսել միայն դիմափոշի, իսկ չոր մաշկ ունեցողների համար լավ է քսել տոնային քսուքը, այն լավ «նստացնել» մաշկի վրա, որոշ ժամանակ անց քսել նաև դիմափոշին: Նա խորհուրդ է տալիս . «Եթե ալերգիկ եք և ձեր մաշկը «չի ընդունում» դիմափոշին, որն օգտագործում եք, փորձեք մեկ ուրիշը կամ այլևս մի օգտվեք դիմափոշուց»:  Դիմափոշու գույնի ընտրությունը ևս շատ կարևոր է. «Այն պետք է լինի  մաշկի գույնին համապատասխան, հակառակ դեպքում  դեմքը կլինի մի գույնի, պարանոցն ու մարմինն՝ այլ: Մեր իրականությունում ականատես ենք լինում նման դեպքերի հատկապես միջինից բարձր կանանց մոտ»,-ասում է կոսմետոլոգը: Նա հորդորում է բոլոր իգական սեռի ներկայացուցիչներին՝  շպարով չքնել. «Որքան էլ գումարներ ծախսած լինեք դիմահարդարման համար, մի՛ ափսոսացեք, եւ քնելուց առաջ անպայման մաքրե՜ք: Հավատացեք՝ այն որոշ ժամանակ հետո շատ ավելի թանկ կարժենա ձեզ համար, քան այսօր ափսոսալն ու չլվանալը»,-ասում է նա:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930