Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ում դեռեւս զգուշանում են կիսել Օսկանյանի կարծիքը

Հունիս 11,2012 18:07

 Քիչ առաջ տարածված հայտարարությամբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տեղեկացրել է, որ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն իրեն որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու՝ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է իրեն և իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը: «Ինձ համար զարմանալի և տարօրինակ է, որ իմ և Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը որևէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր և անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում: Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա»,- ասված է Վարդան Օսկանյանի տարածած հայտարարության մեջ:

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով նախկին արտգործնախարարի սույն հայտարարությունը, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Ինչպես մշտապես, այնպես էլ հիմա, ուզում եմ հույս հայտնել, որ հայաստանյան իրավապահ մարմինները, ցանկացած դեպքում, իրենց գործունեության շրջանակներում իրականացվող ցանկացած քայլ բացառապես պայմանավորելու են ՀՀ գործող օրենսդրությամբ եւ Սահմանադրությամբ: Որ հանցագործություններ բացահայտելիս երբեւէ չեն առաջնորդվելու որեւէ քաղաքական նկատառումներով»: Ուրիխանյանն ասաց, որ իրենք ամենայն ուշադրությամբ կհետեւեն համապատասխան մարմինների գործողություններին եւ առաջին իսկ պահին, երբ որ իրենց համար անհասկանալի կամ կասկածելի բան տեղի կունենա՝ անմիջապես կարձագանքեն:

Դիտարկմանը, որ Օսկանյանն արդեն իսկ կատարվածը որակել է «քաղաքական պատվեր», Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Ես եւ իմ գործընկերներն ուշադրության կենտրոնում ենք պահելու զարգացումները: ՀՀ ցանկացած քաղաքացու, քաղաքական կառուցողական գործունեություն իրականացնող որեւէ կազմակերպության, առավել եվս ԲՀԿ-ի ներկայացուցչի որեւէ իրավունքի ոտնահարման դեպքում, բնականաբար, կանգնելու ենք տվյալ մարդու կողքին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930