Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երգիչ Մհեր. «Ես հաճախում եմ Հայ առաքելական եղեղեցի»

Հունիս 11,2012 17:44

«Վերջերս շահարկումների առիթ եւ շատ լրատվամիջոցների համար ռեյտինգ հավաքելու պատճառ դարձավ հարցազրույցներից մեկի ժամանակ հնչեցրած, բայց ձեւախեղված եւ անավարտ իմ հետեւյալ կարծիքը. «Կյանքի խոսք» եկեղեցին ինձ օգնում է տարբեր բաներով, ես իրավունք չունեմ հրաժարվել այդ օգնությունից: Հայ Առաքելական եկեղեցին ինձ չի օգնում»: Ժամանակն է պարզաբանեմ եւ հստակեցնեմ իմ դիրքորոշումները այդ հարցի կապակցությամբ»,- Aravot.am-ին՝ ասաց երգիչ Մհերը, պարզաբանելով իր կրոնական հայացքների մասին շրջանառվող լուրերը:

Մհերը նշում է. «Ցավոք, խոսքս սխալ է ընկալվել: Հարցազրույցի ժամանակ ես փորձել եմ բացատրել, որ քրիստոնեությունը շատ ճյուղեր ունի, օրինակ՝ ԱՄՆ-ի եւ եվրոպական շատ երկրների պաշտոնական կրոնը քրիստոնեությունն է, իսկ եկեղեցին՝ բողոքականն է: Բողոքականությունը (լատիներեն՝ protestans, որը նշանակում է՝ հանրության առջեւ ապացուցող), կաթոլիկության եւ ուղղափառության հետ միասին Քրիստոնեության երեք գլխավոր ճյուղերից մեկն է: Բողոքականությունը սկիզբ առավ Ռեֆորմացիայի` հակակաթոլիկ շարժման հետեւանքով Եվրոպայում՝ XVI-րդ դարում»:
Ըստ Մհերի՝ ամեն մարդ ընտրում է քրիստոնեության այն ճյուղը, որն իրեն հոգեպես ավելի հարազատ է: Նրա ձեւակերպմամբ՝ «Կյանքի խոսքը» ավետարանչական (բողոքական) եկեղեցի է, որը պարբերաբար հրավիրել է իրեն ելույթ ունենալ իրենց տարբեր միջոցառումներին: «Կյանքի խոսքը» երգչին երբեմն օգնել է տարբեր հարցերում, ինչի մասին ասել է հարցազրույցի ժամանակ՝ նշելով որպես տարբերություն Առաքելական եկեղեցու հետ, այլ ոչ թե որպես շահի աղբյուր, ինչպես որ ըստ նրա թյուրիմացաբար է ընկալվել շատերի կողմից:

«Ինչպես հասկացա, այդ ցավոտ հարցի մասին միայն ես եմ անկեղծորեն խոսել, ինչը զարմանքի եւ սխալ մեկնաբանությունների բուռն ալիք ստեղծեց: Ցավոք, ժամանակի սղության պատճառով հարցազրույցը ամբողջապես չի թողարկվել, դուրս է մնացել մի շատ կարեւոր հատված, որում ես ասել եմ եւ հիմա էլ կասեմ՝ ես հաճախում եմ Հայ առաքելական եղեղեցի, ավելին՝ մկրտված եմ Մոսկվայի Առաքելական եկեղեցում: Բացի այդ, իմ «Հայաստան» տեսահոլովակում շոշափվում են հայրենասիրության եւ կրոնի հարցերը, ընդգրկված են քահանայի եւ եկեղեցու դրվագներ եւ այլն: Հետեւաբար, եկեղեցին ինձ համար Աստծո հետ շփվելու, նրա հետ զրուցելու եւ օրհնություն ստանալու վայր է: Պետք չէ մտացածին եզրահանգումներ, արհեստածին ենթադրություններ անել եւ անհեթեթ լուրեր տարածել՝ առանց պարզաբանելու եւ թացը չորից տարբերելու»,- ասաց Մհերը հավելելով, որ պետք չէ ապրել այլոց կրոնական նախասիրություններով, քանի որ մարդու հավատքը, ըստ օրենքի, խիստ անձնական երեւույթ է, եւ քննարկման ենթակա չէ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930