Ինչպես եւ կանխատեսում ու զգուշացնում էինք` միջազգային քաղաքական որոշ կենտրոնների կողմից Հայաստանում զանգվածային ընտրակեղծիքներին ցինիկաբար հավանություն տալը նշանակում էր, որ նույն կենտրոնները շատ շուտով համապատասխան փոխհատուցում են պահանջելու Երեւանում վերարտադրված վարչախմբից` քաղաքական զիջումների տեսքով: Կեղծված ընտրություններից հետո բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Եւրոպայից և ԱՄՆ-ից շտապեցին հայտարարել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ «նոր մոտեցումների» ցանկալիության, անհրաժեշտության եւ անխուսափելիության մասին, ակնարկելով նաեւ այդ մոտեցումների «նորարարության» բովանդակությունը` այն է մեկ-երկու ազատագրված շրջանների հանձնումը Ադրբեջանին: Այսինքն, ռուս-ամերիկա-եւրոպական դիվանագիտական ողջ խորիմաստությունն ու նորամուծությունը սահմանափակվում է դեռեւս չարաբաստիկ «ֆուտբոլային դիվանագիտության» օրերին հնչած հին թուրքական վերջնագրերի կրկնությամբ: Երեւի, սույն պահանջներն առավել համոզիչ դարձնելու նպատակով, հետայսու բարձրաստիճան միջազգային միջնորդների նախաձեռնությունները զուգորդվում են բառի բուն իմաստով «մահաբեր դիվանագիտությամբ», երբ տարածաշրջան կատարվող պաշտոնական յուրաքանչյուր այց բերում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայքով լարվածության կտրուկ աճի եւ մարդկային զոհերի:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խիստ դատապարտում է հայ ժողովրդի կենսական շահերի, արժանապատվության ու պատմական տարածքի հաշվին պատրաստվող ցանկացած գործարքի փորձ եւ հայտարարում է, որ հայ ժողովուրդը թույլ չի տալու այդպիսի դավադրությունների իրականացում:
Նմանօրինակ հակահայկական նախագծերը առաջանում են սոսկ Հայաստանում իշխող վարչախմբի ապիկարության, անսկզբունքայնության ու թուլության հետևանքով: Մինչդեռ Ցեղասպանության ու հայրենազրկման դժոխքային պատմություն ունեցող հայ ժողովուրդը իր արտաքին պետական քաղաքականությունը պետք է կառուցի Ցեղասպանության բազմաթիվ հետեւանքների վերացման սկզբունքի հիման վրա:
Հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղի ունեցած հերթական բախումները ապացուցում են որեւէ տարածքային զիջումների անթույլատրելիությունն ու նման պահանջների հեղինակների հանցավոր նպատակները:
Կարդացեք նաև
Եթե առկա «ստատուս քվոյի» և համեմատաբար պաշտպանված սահմանային գծի պայմաններում հնարավոր են հայկական խաղաղ բնակավայրերի պարբերական ռմբակոծումներ և դիվերսիոն խմբերի հարձակումներ, ապա դժվար չէ պատկերացնել թե ինչպիսի կործանարար հետեւանքներ կունենա շփման գծի ընդլայնումը որեւէ տարածքային հետնահանջի դեպքում:
Ո՛չ մի թիզ հայրենի հողից ենթակա չէ սակարկումների: Առճակատումը իբր կանխելու պատրվակով՝ ո՛չ մի օտարեկրյա զինվորի ոտքը չպետք է տրորի հայրենի տարածքը: Կեղծ պայմանագրերի ու խոստումների ողջ քանակը չարժե հայ զինվորի արյան մի կաթիլը: