Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ փաստաբանների՝ վճռաբեկը «տղայական պատասխաններ» է տալիս (ֆոտոշարք)

Հունիս 11,2012 17:08

Հայաստանի 1052 փաստաբաններից այսօրվա նախազգուշական գործադուլին մասնակցում էին 545-ը: Գործադուլ էին արել Լոռու մարզի փաստաբանները, որոնք հասցրել էին Երեւան գալ, եւ Շիրակի մարզից էլ տեղեկացանք, որ տեղի փաստաբանները նույն պահանջներով միացել են իրենց գործընկերներին:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում ասեղ գցելու տեղ չկար: Շատերը ոտքի վրա էին: Փաստաբաններին միացել էին նաեւ իրավաբանական գրասենյակների ներկայացուցիչները, իրավապաշտպանները:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը համայնքի հետ էր եւ այդ լուրը ընդունվեց ծափերով:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ 5 հոգանոց հանձնախումբ է ստեղծվել՝ Գեւորգ Գյոզալյան, Արա Զոհրաբյան, Լուսինե Սահակյան, Կարեն Մեժլումյան, Հայկ Ալումյան կազմով, որոնք հավաքել են այն բոլոր դժգոհությունները, որոնք կապված են դատական համակարգի, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության հետ:

Նա տեղեկացրեց, որ իրենց նախազգուշական գործադուլի մասին հայտարարությունը վճռաբեկ դատարանը համարել է իրենց կողմից ահաբեկելու փորձ, դատարանը 20 փաստաբանների մասին է ակնարկել, խարդախության մեջ մեղադրվող, որոնցից 5-ի դատական ակտերն է մեջբերել: Արա Զոհրաբյանի կարծիքով, դատական համակարգը պիտի լիներ հանդուրժող, մինչդեռ, ըստ նրա, վճռաբեկը «տղայական պատասխաններ» է տալիս:

Արա Զոհրաբյանը հիշեց 2011թ.դեկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի հայտնած միտքը՝ դատական համակարգի հեղինակության բարձրացման մասին:

Նա հայտնեց, որ փաստաբանները արտահայտում ե այն, ինչ առկա է նաեւ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում, եւ արդարադատության նախարարի կարծիքում:

«Այն, որ կա արադարադատության դեֆիցիտ, որեւէ մեկը ժխտել չի կարող»,- ասաց նա:

Բերվեցին վիճակագրական տվյալներ, որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

2011-ին առաջին ատյանի դատարաններում 4874 անձի վերաբերյալ դատական ակտ է կայացվել, 54-ն է միայն արդարացվել, այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիայում 29 տոկոս են արդարացումները, ԱՄՆ-ում՝ 25 տոկոս:

2011թ. նախաքննության մարմնի կողմից ներկայացված 3362 միջնորդություններից դատարանները բավարարել է 3088-ը: Իսկ վճռաբեկ դատարանում 1203 բողոքներից 3,7 տոկոսն է բավարարվել:

Գեւորգ Գյոզարլյանը անդրադարձավ ՍԴ որոշումների անտեսմանը, վճռաբեկ դատարանի կողմից չկատարմանը, իսկ Կարեն Մեժլումյանը ասաց, որ փաստաբանական համայնքի դժգոհությունները գալիս են իրենց հաճախորդների դժգոհություններից, բերեց մի քանի օրինակներ, այդ թվում նաեւ, Սիլվա Ասատրյանի օրինակը:

Լուսինե Սահակյանը գտնում էր, իրենց բողոքը ոչ միայն վճռաբեկ դատարանի դեմ է, այլ հետաքննության, նախաքննության մարմինների, դատարանների առհասարակ.«Եթե դատական համակարգը լինի իր տեղում, ապա մնացածներն էլ կլինեն իրենց տեղում»:

Հայկ Ալումյանը հիշեց, որ երբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ էր դարձել Արման Մկրտումյանը, այդ ժամանակ, նա առաջինն այցելեց ՀՀ փաստաբանների պալատ, եւ ավելի կոշտ էր արտահայտվում, քան այսօր՝ փաստաբանները:

Հայկ Ալումյանը տարակուսանք հայտնեց վճռաբեկ դատարանի այն հիմնավորման համար, թե «Վճռաբեկը իրավունքի դատարան է, այլ ոչ թե՝ երրորդ ատյան»:

Նա ասաց, որ վճռաբեկը չի կարող լինել իրավունքի ատյան, քանի որ քննում է ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերը, որոնք ծանր հետեւանքներ են հաճախ առաջացնում:

Փաստաբաններն իրենց առաջարկներն ուղարկելու են ՀՀ վճռաբեկ դատարան, պահանջելով, որպեսզի, վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելիս վարի արձանագրություն, բացառելով կոռուպցիոն ռիսկերը, վճռաբեկ դատարանը բողոքների ընդունման եւ վերադարձման ժամանակ կայացնի պատճառաբանված, ոչ թե՝ ձեւական պատասխան- որոշումներ, օրենքը միատեսակ կիրառի: Ի դեպ, փաստաբաններն ասացին, որ իրենց տրամադրության տակ են նաեւ նախադեպային որոշումներ, որոնք միմյանց անգամ հակասում են:

Փաստաբանները պահանջում են, վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու կամ հետագայում, ըստ էության, լուծող որոշմամբ բացահայտել «ծանր հետեւանք», «էական նշանակություն», «վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած դատական ակտ» հասկացությունները: 

PrevPhoto
NextPhoto

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930