Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաստաբաններն ահազանգում են. «Վճռաբեկ դատարանի երկակի գործելակերպի հետեւանքով Հայաստանի դատական համակարգում լուրջ ճգնաժամ է խորանում»

Հունիս 11,2012 16:56

Այսօր Լոռու մարզի 46 փաստաբան միացել են փաստաբանների մեկօրյա գործադուլին` 24 ժամով դադարեցնելով դատական նիստերում, քրեական հետապնդման մարմիններում ծավալող գործունեությունը:

ՀՀ Վճռաբեկ դատարանի դեմ բողոքի հիմնական պատճառը վերջինիս կողմից դատական գործերը վարույթ ընդունելու գործելակերպի երկակիությունն է:

Գուրգեն Հարությունյան

«Առ այսօր հայտնի չէ գոնե մեկ դատական ակտ, որոշում վարույթ ընդունելու մասին, որտեղ Վճռաբեկ դատարանն անգամ փորձել է պատճառաբանել` վարույթ ընդունելու ժամանակ ինչ չափանիշներով է ղեկավարվում: Եվ նույն իրավիճակն է տիրում նաեւ բողոքները վերադարձնելու պրակտիկայում: Վճռաբեկ դատարանը, կոչված լինելով ապահովելու օրենքի միատեսակ կիրառություն, հենց ինքն է խախտում այդ մոտեցումները. նույն հիմնավորումներով, նույնանման փաստական հանգամանքներով տասը բողոք վարույթ չի ընդունում, մեկ բողոք վարույթ է ընդունում: Դե հիմա եկեք մտածեք, թե ինչի է էդպես»,-ասում է փաստաբան Գուրգեն Հարությունյանը:

Փաստաբանները ահազանգում են, որ Վճռաբեկ դատարանի երկակի գործելակերպի հետեւանքով Հայաստանում օր օրի դատական համակարգում լուրջ ճգնաժամ է խորանում` հասարակության մեջ դատական համակարգի նկատմամբ ձեւավորելով անվստահության մթնոլորտ:

Ռուբեն Հակոբյան

«Հիմնական մեղավորը Վճռաբեկ դատարանն է, քանզի վերջինս Սահմանադրությամբ կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, եւ ՀՀ-ում բարձրագույն դատական մարմին է, սակայն, կիրառում է երկակի ստանդարտներ»,-ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Փաստաբանը հավելում է, որ Վճռաբեկ դատարանն ինքը չի հարգում իր իսկ կողմից կայացրած որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` խրախուսելով իրենից նախորդ ատյանների` այդ որոշումները անտեսելու, արհամարհելու գործընթացը:

«Կարելի է ասել, ստորադաս դատական ատյաններում եւ քրեական հետապնդման մարմիններում անպատժելիության մթնոլորտի ծնող պատճառն ու նպաստող պայմանը Վճռաբեկ դատարանի երկակի ստանդարտների կիրառումն է»,-նշում է փաստաբանը:

Նա բացատրում է , որ երբ իրենք բողոքով դիմում են Վճռաբեկ ատյան` այնտեղ հիշման կարգով նաեւ նշելով այդ գործի նման այլ գործերի վերաբերյալ Վճռաբեկի նախադեպերը, եւ խնդրում այն վարույթ ընդունել, մերժում են ստանում:

«Խնդրում ենք ընդունել վարույթ եւ հաստատել, որ առաջին ատյանի դատարանը, Վերաքննիչը, նախաքննական մարմինները, դատախազությունը, անտեսել են, արհամարհել են Վճռաբեկի արտահայտած իրավական դիրքորոշումները, խնդրում ենք գործը ընդունել վարույթ եւ չխրախուսել նրանց գործելաոճը, սակայն, վերադարձման որոշում ենք ստանում, որտեղ բացարձակ որեւէ պատճառաբանություն չկա»,-ասում է Հակոբյանը:

«Նախորդ ատյանների թույլ տված բոլոր խախտումներին արձագանքելը օրենքի մասով Վճռաբեկ դատարանի առաքելությունն է: Եթե Վճռաբեկը անտեսում է այդ ամենը, պարզ չէ, որ ստորադաս դատական ատյանները եւ քրեական հետապնդման մարմինները հետայսու կաշխատեն նույն ոճով, կխախտեն օրենքը»,-իր կարծիքն է հայտնում Գուրգեն Հարությունյանը:

Փաստաբանները պնդում են, որ այս քայլով իրենք պաշտպանում են առաջին հերթին իրենց պաշտպանյալների իրավունքները, քանի որ բողոքներ գրվում են այն դեպքում, երբ պաշտպանյալների այս կամ այն իրավունքն է խախտվում:

Անդրադառնալով դատական համակարգում առկա բացերին ու խնդիրներին` փաստաբանները շարունակում են ուշադրություն հրավիրել դատական համակարգի ոչ անկախ լինելու վրա:

«Դատական համակարգի ամենալուրջ խնդիրը վերջինիս ոչ անկախ լինելն է, դատական համակարգում դատավորները անկախ չեն, եւ եթե դատավորը անկախ չէ, ապա նա չի կարող օբյեկտիվ լինել եւ արդարադատություն իրականացնել»,-ասում են նրանք:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930