Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն չի՞ կարողանում ծնելիությունը խթանել

Հունիս 11,2012 15:43

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ՝ այս տարի ծնելիությունը 5%-ով նվազել է: Այսօր «Հայելի» ակումբում Վիճվարչության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի հրապարակած այս տվյալին ի պատասխան, լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե տիկին Կույումջյանն ինչպե՞ս կմեկնաբանի, որ 4 տարի է ՀՀԿ-ն իշխանության է եւ այդ տարիների ընթացքում էլ վիճակագրությունը փաստում է, որ ծնելիությունը գնալով նվազում է, այն դեպքում, երբ իշխող կուսակցությունն իր ծրագրում ամեն տարի խոստանում է ծնելիության աճ: Տիկին Կույումջյանն ասաց, որ չի կարող որեւէ կերպ մեկնաբանել. «Վիճակագրության խնդիրը միայն փաստերն արձանագրելն է, մենք արձանագրել ենք փաստերը եւ գոյություն ունի մարմին, որը զբաղվում է ժողովրդագրական ռազմավարությամբ երկրում, եւ ըստ այդմ իրենք իրենց ռազմավարությունը եւ ծրագրերը կմշակեն»:

Ներկայումս 1000 բնակչին բաժին է ընկնում 12 երեխա: Մարզերում, բացառությամբ

Արարատի, Արմավիրի ու Արագածոտնի` ծնելիության ցուցանիշը, հատկապես Սյունիքում, նույնպես զգալի նվազել է: Քիչ երեխա է ծնվել նաեւ Լոռիում, Տավուշում: Այս 2 մարզում մահերն ավելի շատ են գրանցվել, քան` ծնունդները:

Դեմոգրաֆ Ռուբեն Եգանյանը հայտնեց, որ առաջիկա 6-7 տարիներին բնական հավելաճ չենք ունենա, պատճառը` «90-ականների սերունդը ծնող տարիք է մտնում: Բացի այդ, արդյունավետ չեն այն միջոցները, որոնք այսօր ձեռնարկված են ծնելիությունը խթանելու համար: Սոցիալ-տնտեսական-քաղաքական դրական տեղաշարժեր չկան»:

Դեմոգրաֆի համոզմամբ, ծնելիության անկումը պայմանավորված է նաեւ 90-ականներին զանգվածային արտագաղթով եւ այդ պատճառով տեւական ժամանակ սերունդն իրեն չի վերարտադրել: Այսօր, եթե փորձենք այդ խնդիրը լուծել, ապա, ըստ պարոն Եգանյանի, 1 կինը գոնե 1 աղջիկ երեխա պետք է ունենա: Իսկ ընտանիքում միջին հաշվով պետք է ծնվի ամենաքիչը 2 երեխա:

Կարինե Կույումջյանի տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում ամուսնալուծվել է 779 զույգ, 1000 բնակչի հաշվով, ամուսնալուծվողների թիվը` 1-ն է:

Գլխավոր վիճակագրի ներկայացմամբ, աղջիկներին ամենաշատը անվանակոչում են  Միլենա, Մանե, Մարի: Տղաներին` Նարեկ, Դավիթ, Գոռ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930