Վերջերս սոցցանցերում քննարկումներ են գնում, ու որոշ կայքեր նույնպես գրեցին, թե Հայաստանից խռովել ու հեռացել է երգչուհի Արմինե Գրիգորյանը, ում թույլ չեն տվել, որ հաղորդումը եթեր հեռարձակվի: Աժիոտաժն այնպիսին է՝ ասես կորցրել ենք մեր մեգա-երգչուհուն եւ հայրենական Էդիթ Պիաֆին: Բայց Արմինե Գրիգորյանը երբեք էլ փայլուն երգչուհի չի եղել: Եթե փոքրիկ հարցախույզ անցկացվի նրա երգերի թեմայով, հաստատ ոչ երիտասարդները, ոչ էլ առավել եւս միջին եւ ավագ սերնդի մարդիկ, ոչինչ չեն հիշի: Չնայած մի ռաբիս եւ անճաշակ երգ, թերեւս, բոլորի ուղեղում տպավորված լինի՝ «Հոպ ջան, հարց չկա, Երեւանի սիրուն տղա»: Սա է Արմինե Գրիգորյանի երգացանկի թագնուպսակը: Ի դեպ, իբրեւ հեռուստահաղորդման հեղինակ էլ չի փայլել Արմինեն. ժամանակին նա մի շարք էր անում՝ «Իմ արեւ» խորագրով, որին հյուր էր կանչում երգիչ-երգչուհիների, նրանց մայրերին, քույրերին, ընկերուհիներին ու այդպես կանանցով կենցաղային որակի, վատ հայերենով զրույց էին ծավալում եթերում:
Հ.Գ. Ամեն դեպքում չեմ ցանկանում տպավորություն ստեղծվի, թե ուրախ եմ՝ ինչ-որ մեկի՝ Հայաստանից հեռանալով: Ամեն ոք ինքն է որոշում՝ ուր գնալ, որտեղ ապրել, վերադառնալ կամ չվերադառնալ: Ուղղակի ցավալին այն է, որ շատ հաճախ մարդիկ սեփական հեռացումը բարդում են ուրիշների եւ մասնավորապես երկրի վրա: Հա՛, մեր երկիրն էլ կատարյալ չէ, բայց մերն է: