Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, խոսելով Մհեր Ենոքյանի և ընդհանրապես ցմահ ազատազրկվածների խնդրի մասին, այսպիսի կարծիք հայտնեց. «Անգամ ընտրությունները ոչինչ չփոխեցին, քանի որ համակարգը շարունակվում է նույնը մնալ: Այն չակերտավոր կատարելագործվում է: Օրինակ՝ եթե խոսքը ընտրությունների մասին է, ապա եթե նախկինում ընտրությունները բռնի մեթոդով էին կեղծվում, ապա այժմ՝ ստվերային: Նույնն էլ վերաբերում է դատական և ընդհանրապես մյուս բոլոր համակարգերին»:
Մասնավորեցնելով՝ պարոն Իշխանյանը նկատեց. «Մեր իշխանությունները չեն ուզում ցմահ դատապարտվածների գործով զբաղվել: Այդ գործը փակված են համարում»:
Մյուս հանգամանքը, որ նշեց Ավ. Իշխանյանը, հետևյալն է. «Մեր դատաիրավական համակարգը չի ընդունում իր կատարած որևէ սխալ, այն դեպքում, երբ զարգացած բազում երկրներում կան նման նախադեպեր: Մեր երկրում միայն մեկ այդպիսի նախադեպ կարող եմ հիշել, երբ բռնաբարության մեղադրանքով ազատազրկված Արմեն Պողոսյանին տարիներ անց անմեղ ճանաչեցին ու գլխավոր դատախազը նրան նվիրեց Կոմս Մոնտե Քրիստոյի գիրքը: Այդ գործում պատահական հայտնվեց մեկը, ում ճանաչեցին մեղավոր»:
Պարոն Իշխանյանը հույս էլ չունի, որ ՀՀ դատաիրավական համակարգը կարող է մի օր հասնել այն մակարդակի, երբ կընդունի իր կատարած սխալները և կվերանայի մի շարք գործեր: Նման կարծիք Ավ. Իշխանյանի մոտ ձևավորվել է այն պատճառով, որ նա սխալները գիտակցելու և ուղղելու ցանկություն այս համակարգում չի տեսնում:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ