«Նատալի ֆարմ» ընկերությանը, գերիշխող դիրքը չարաշահելու համար՝ այսօր տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանեց 50 միլիոն դրամով: Պետական գնումների ընթացքում անցկացվող մրցույթների ժամանակ «Նատալի ֆարմը» հակամրցակցային գործողություններ է կատարել, որի արդյունքում, ըստ հանձնաժողովի, «Սզնի» ընկերության մուտքը շուկա խոչընդոտել է:
Վարույթի արդյունքները ներկայացնելով, հանձնաժողովի ներկայացուցիչն օրինակ բերեց` «Նատալի ֆարմը» հայտարարված 8 մրցույթներից 7-ում խախտել է օրենքը. բուժհաստատություններին նվիրատվություն է կատարել այն դեղորայքի մասով, որի համար մրցույթ էր հայտարարված եւ մասնակցում էին այլ ընկերություններ: Արդյունքում բուժհիմնարկները պայմանագիր չեն կնքել մրցույթին մասնակցած «Սզնի» ընկերության հետ:
Բացի այս, «Նատալի ֆարմը» մրցույթներում կատարել է ինքնարժեքից ցածր առաջարկ. «Ցեֆտրիակսոն» դեղամիջոցի նվազագույն գինը, ըստ պետական եկամուտների կոմիտեի եւ դեղերի փորձագիտական կենտրոնից ստացած տվյալների, պետք է լիներ 207 դրամ, իսկ «Նատալի ֆարմը» ավելի ցածր գին է ներկայացրել, որով շուկայից դուրս է մղել «Սզնի» ընկերությանը»:
Կարդացեք նաև
Շուրջ 30 բուժհաստատություններ` պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ եւս հակամրցակցային գործողություններ են իրականացրել:
Ըստ հանձնաժողովի, բուժհիմնարկները դեղերի գնման մրցույթները ձեւական են անցկացրել. շուկայում գործող խոշոր ընկերություններից մեկը պայմանավորվելով համեմատաբար ավելի փոքր ընկերությունների հետ եւ մրցույթին մասնակցելով` այն հաղթել է: Իսկ մյուս ընկերությունները դուրս են մնացել կրկնվող տեխնիկական սխալների կամ տառասխալների պատճառով, ինչի արդյունքում մյուս պայմանագրերը կնքվել են բավականին բարձր գներով: Մրցույթներին մասնակցած ընկերությունների սխալների , օրինակ՝ փաստաթղթում առաջարկվող գին չնշելու կամ այլ տեխնիկական սխալների արդյունքում, մի քանի մրցույթներում հաղթել է «Նատալի ֆարմը»:
Քանի որ հակամրցակցային գործողություններ իրականացրած ընկերություններն արդարացել են, որ այդ սխալները թույլ են տրվել օրենքը չիմանալու պատճառով, ուստի, ինչպես ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, նրանք, բացի «Նատալի ֆարմից», չեն տուգանվի: Շուրջ 30 բուժհաստատություններ եւ 8 դեղ ներկրող եւ իրացնող ընկերություններ, հանձնաժողովի կողմից խիստ նկատողություն են ստացել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ