Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Էջմիածնի տոնը Մայր Աթոռում

Հունիս 11,2012 14:58

Հունիսի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Միածնաէջ Մայր ՏաՃարում պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Պատարագիչ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Անդրադառնալով տոնի կարևորությանը յուրաքանչյուր հայի համար` Սրբազանն ասաց. «Հայ ժողովուրդը հաստատված ու արմատացած է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի և Սուրբ Էջմիածնի վրա: Հայ մարդը, որ միշտ սիրել է արարել ու ստեղծագործել, անհնարինը գործել դժվարին պայմանների մեջ, երբ հեռու է գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Գրիգոր Լուսավորչի օրհնությունից, նա չի կարող գոյատևել: Չնայած որ հայ ժողովուրդն աշխարհի տարբեր ծագերում ունի բազում տաճարներ, բազում սրբատեղիներ ու աղոթարաններ, սակայն ունի մեկ Սուրբ Էջմիածին, որտեղ Աստված իջավ, որտեղ հաստատեց հայոց Հայրապետական Աթոռը և որտեղից դարեր շարունակ օրհնություն է բաշխվում համայն հայությանն ամբողջ աշխարհում»: Ընդգծելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ամրակուռ հավատքի  այն վեմն է, որ միավորում է հայի ոգին, Սրբազան Հայրը ուրախությամբ նշեց, որ այսօր  Հայոց Հայրապետական Աթոռը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը,  վերստին ապրում է փառքի ու հզորության օրեր:

«…Սյսօրվա տոնն ունի մեկ խորհուրդ, այն էª հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին, սիրել այս Աթոռը և հավատարմությամբ կատարել Հայոց Հայրապետի պատգամները, ինչպես նաև որևէ տեսակի ժամանակավոր ու անցողիկ արժեք չփոխել այն սրբազնագույնի, այն հավերժականի հետ, որ կոչվում է Սուրբ Էջմիածին», – պատգամեց պատարագիչ Սրբազանն իր խոսքում:

Պատարագի ավարտին Իջման Ս. Սեղանի առջև հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և պայծառության համար:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին   
Տեղեկատվական համակարգ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930