«Ավստրիական ավիաուղիներ» և «Best Western Congress Hotel» ընկերությունները, արձագանքելով քաղաքապետարան-բիզնես կառույցներ համագործակցության վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին, քաղաքապետարանի հետ համատեղ հունիսի 10-ին անցկացրել են «Yerevan Business Run» մրցավազքը:
Միջոցառմանը նպատակը Երևանում գործող գործարար կառույցների ուշադրությունը շրջակա միջավայրի պահպանման ու, մասնավորապես, բնապահպանական խնդիրներին հրավիրելն էր:
Մրցավազքը մեկնարկել է Աբովյան փողոցի՝ Շառլ Ազնավուրի հրապարակի հարակից հատվածից: Անցնելով 2.6 կմ ճանապարհը Հանրապետության հրապարկով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով և Սայաթ-Նովա փողոցով` 37 ընկերությունների 111 վազորդներից Աբովյան փողոցի մեկնարկային վերջնագիծն առաջինն են հատել <<Ինգո Արմենիա>> ապահովագրական ընկերության վազորդները։ Երկորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են «Ռեսո» ապահովագրական ընկերության և «Իդեալ» թիմերը:
Նույն օրը երեկոյան տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հաղթող և մասնակից թիմերին հանձնվել են մեդալներ, պատվոգրեր և սահմանված այլ մրցանակներ:
Ողջունելով նախաձեռնությունն ու կարևորելով Երևանի կանաչ գոտիների պահպանման հարցում մասնավոր ընկերությունների աջակցությունը` մասնակիցները նշել են, որ այսպիսով իրենք ձեռք են մեկնում ոչ միայն մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը, այլև խթանում են առողջ ապրելակերպը: Նաև ընդգծել են, որ մեծ բավականություն են ստացել վազքարշավից և հաջորդ տարի ևս միջոցառումն անցկացնելու դեպքում` սիրով կմասնեկցեն:
Նշենք, որ մրցավազքից հավաքված ամբողջ գումարը տրամադրվելու է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող այգու վերականգնմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն