Այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «C» խմբում հունիսի 12-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Անդորրա հանդիպման նախապատրաստության ընթացքի մասին:
«Ուսումնամարզական հավաքի հրավիրել ենք 25 ֆուտբոլիստի, որոնցից վաղն ընտրելու ենք 18-ին: Այս անգամ սովորականից շատ երիտասարդ հրավիրել ենք այն նպատակով, որ նրանք, ում տարիքը թույլ կտա հանդես գալ նաեւ հաջորդ մրցափուլում, ծանոթ լինեն հավաքականի միկրոկլիմային: Հավաքն անցնում է նորմալ հունով եւ որեւէ խնդիր չկա կապված ոչ ֆուտբոլիստների, ոչ էլ մարզումների հետ», – ասաց Ռաֆայել Նազարյանը:
Պատասխանելով առաջիկա մրցակցի հետ հանդիպման հաշվի ակնկալիքների մասին, գլխավոր մարզիչն ասաց. «Ճիշտ է, Անդորրան խմբում ընթանում է վերջին տեղում, սակայն նրան անտեսել ոչ մի դեպքում չի կարելի: Նրա հետ արտագնա հանդիպումում մեր հավաքականի ցուցադրած խաղն ամենադժգույններից էր: Հաղթանակը մեզ շատ մեծ դժվարությամբ տրվեց: Անչափ դժվար է խաղալ մի թիմի հետ, որն ամբողջ կազմով պաշտպանվում է: Ես այս ամենի մասին զրուցում եմ տղաների հետ, ասում, որ մեզ շատ դժվար խաղ է սպասվում եւ ոչ մի մրցակցի թերագնահատել չի կարելի»:
Ռաֆայել Նազարյանի խոսքերով՝ խմբից դուրս գալու համար ամենակարեւորը հունիսի 12-ին կայանալիք հանդիպումն է լինելու, որում մեզ միայն հաղթանակ է անհրաժեշտ: Հարցին, թե մեր թիմն, ըստ էության, միակն է խմբում, որ Անդորրայի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակ չի տարել եւ չե՞ն պատրաստվում, արդյոք, այդ բացը լրացնել, գլխավոր մարզիչը հակադարձեց. «Ինձ հիմա հետաքրքրում է միայն հաղթանակը: Հաշվին առայժմ այնքան էլ կարեւորություն չեմ տալիս, թեեւ դա ցանկալի է: Ի վերջո, հաղթանակը հաղթանակ է եւ երեք միավոր»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ