Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իշխանյան. Գիտնականների ծերացման եւ ուղեղների արտահոսքի խնդիր ունենք (Տեսանյութ)

Հունիս 11,2012 14:39

Այսօր «Էրեբունի» պլազա համալիրի «Էրեբունի» սրահում տեղի ունեցավ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից հայտարարված գիտական լրագրության և միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթների հաղթողների մրցանակաբաշխությունը:

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ներկայացուցիչ Խաչիկ Գեւորգյանը նշեց, որ նման մրցանակաբաշխությունները ոգեւորում են երիտասարդ գիտնականներին եւ հասարակական գիտակցություն ձեւավորում գիտնականի հանդեպ: «Մրցանակները տրվելու են միջազգային պարբերականներում առավելագույն հղումներ ունեցող հոդվածներ տպագրած երիտասարդ գիտնականներին: Ինչպես նաեւ, կպարգեւատրվեն  այն  լրագրողները, ովքեր հունվարից  մինչ մայիսի տասն ընկած ժամանակահատվածում հրապարակել են  գիտության խնդիրներին վերաբերող առնվազն 10 նյութ»,-ասաց Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ պետբյուջեից գիտության 0.24 տոկոս ֆինանսավորումն առնվազն պետք է կրկնապատկվի՝ հետագայում հասնելով նվազագույնը 1 տոկոսի: «Քաղաքական գործիչներն ավելի շատ պետք է մտածեն գիտության մասին»,-կարծում է Խաչիկ Գեւորգյանը:

«Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչ Արտակ Ճաղարյանը նշեց, որ գիտությունը մշտապես ունեցել է պետության հովանավորության կարիքը, սակայն վերջինիս տրամադրած գումարները բավարար չեն. «Մեր երկիրը կարող է վերածվել մտավոր ներուժ արտահանող երկրի, մինչդեռ մեր տաղանդավոր գիտնականները հաջողությամբ արտասահմանում են գործում: Հետեւաբար, պետք է նպաստել նաեւ նրանց վերադարձին»:

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ներկայացուցիչ, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը նկատեց, որ ԽՍՀՄ տարիներին հայ գիտնականների թիվը հասնում էր 20.000-ի, մինչդեռ այսօր՝ 4500-ի. «Գիտնականների ծերացման եւ ուղեղների արտահոսքի խնդիր ունենք: Եթե այդ գործընթացը չփորձենք կանգնեցնել, ապա 5-7 տարի հետո էլ գիտություն չենք ունենա»:

Մրցանակաբաշխության ընթացքում պարգեւատրվեցին 95 երիտասարդ գիտնական եւ 11 լրագրող:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930