Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, այսօր երեկոյան նախատեսված են Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր, որտեղ քաղաքական մեծամասնությունը կորոշի կառավարության կազմը: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանն ասաց, որ այսօր գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր նախատեսված չեն, համենայնդեպս՝ ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի անդամները դեռեւս տեղեկացված չեն: Մեր զրուցակիցն ասաց, որ կառավարության կազմը կորոշվի, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի երեկոյան: Հիշեցնենք, որ հենց հինգշաբթի օրերին են ավանդաբար տեղի ունենում ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերը: Ավելացնենք նաեւ, որ նախնական տեղեկություններով ամսի 20-ին նախատեսված է 5-րդ գումարման ԱԺ երկրորդ նիստը, որի ժամանակ պետք է խորհրդարանի պատին ներկայացվի կառավարության ծրագիրը: Այսպես թե այնպես՝ մոտ օրերս պարզ կդառնա վերանշանակված վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության նոր կազմը:
Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծիք էր հայտնել, որ էական փոփոխությունների պետք չէ սպասել: Նրա կարծիքով, գործող նախարարները հիմնականում կպահպանեն իրենց պորտֆելները, վերանշանակումներ կլինեն միայն ԲՀԿ-ական նախարարական պաշտոններում, որոնք թափուր մնացին ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ