Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մորեխները հարձակվում են Մեղրու գյուղերի այգիների բերքի վրա

Հունիս 11,2012 13:35

Մորեխները շարունակում են փչացնել Մեղրու տարածաշրջանի գյուղերի այգիների բերքը, իսկ դրանց դեմ պայքարի համար, համայնքները գյուղնախարարությունից դեռեւս դեղորայք չեն ստացել:

Մեղրու տարածաշրջանի գյուղերում մեծ տարածում գտած մորեխներն արդեն մեկ ամիս է իսկական գլխացավանք են դարձել գյուղացիների համար: Շվանիձոր, Ալվանք եւ Նռնաձոր գյուղերի բնակիչների պտղատու այգիների բերքի զգալի մասը մեծ չափերի հասնող մորեխների կերի բաժին է դարձել: «Ծիրանի բերքի 25 տոկոսն արդեն փչացել է, հիմա էլ դեղձի խակ պտուղներն են ուտում: Երեք տեսակի մորեխներ են` տարբեր գույների ու չափերի, որոնք խիստ ագրեսիվ կերպով հարձակվում են բերքի վրա, կրծում, փչացնում բերքը, ինչի հետեւանքով որակազրկվում են ամբողջ պտուղները: Բերքի կեսը կրծում են եւ այն ոչ միայն շուկա տանելու համար չէ պիտանի լինում, այլեւ` չիր պատրաստելու: Հիմա էլ նույն վտանգը կսպառնա խաղողի բերքին, պոմիդորին, բիբարին, վարունգին, կարտոֆիլին: Արդեն սկսել են 3-4 սմ փոքր չափերի վարունգները կրծել: 10 օր առաջ ահազանգել ենք գյուղնախարարություն, որ Ալվանք, Շվանիձոր եւ Նռնաձոր գյուղերի մոտ 300 հա տարածքի համար դեղորայք տրամադրեն` մորեխների դեմ մասսայական պայքար կազմակերպելու համար, դեռ սպասում ենք», – տեղեկացնում է Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյանը:

Սակայն ինչպես պարզվում է, գյուղերում բերքը շարունակում է լայն թափով փչանալ եւ մորեխների կեր դառնալ, բայց դեղորայքը գյուղեր չի հասել եւ մորեխների դեմ պայքարի միջոցառումներ դեռ չեն էլ սկսվել, այնինչ գյուղացիներն օրեցօր զրկվում են իրենց մնացյալ բերքից: Տեղաբնակների մոտավոր հաշվարկներով՝ Ալվանք, Շվանիձոր եւ Նռնաձոր գյուղերում մորեխների բաժին է դարձել բերքի 50-60 տոկոսը:

Շվանիձորի գյուղապետը հիշում է, որ մորեխներն իրենց տարածաշրջանում մեծ տարածում էին գտել նաեւ 7-8 տարի առաջ, երբ վնասել էին վար ու ցանքսը, իսկ թութունի 3.5 հա տարածքը դեղորայքի շնորհիվ են հազիվ կարողացել փրկել փչանալուց:

Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի տեղեկատվությամբ` Մեղրու գյուղերում ամենաուշը 1-2 օրից մորեխների դեմ պայքարի միջոցառումներ կիրականացվեն:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930