Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն այսօրվանից հրաժարվում է հացից ու ջրից: Մ. Ենոքյանի այս որոշումն անհանգստացրել է մշակութային, հասարակական գործիչների, ուստի այս կապակցությամբ «Հայելի» ակումբում իրենց դիրքորոշումը հայտնեցին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, գրող Արծվի Բախչինյանը, նկարչուհի Զարուհի Մուրադյանը, գրող Վահրամ Մարտիրոսյանը:
Ա. Իշխանյանը նշեց. «Իմ անհանգստությունն իմ անձնական պատասխանատվությունից է գալիս: Երբ Մհերի երկրորդ փախուստից հետո հանդիպեցի նրան, ծանր հոգեբանական իրավիճակում էր, ասաց, որ, միևնույն է, ինքնասպանություն է գործելու: Նրա աչքերից արցունք էր գալիս: Այդ ժամանակ ես նրան խոստացա, որ երբ ես համոզվեմ, որ բոլոր դռները փակված են, ես դա կասեմ նրան, իսկ մինչ այդ խնդրեցի նրան սպասել»:
ՀՀ իշխանությունների վերաբերմունքի մասին էլ պարոն Իշխանյանը նշեց. «Ցավում եմ՝ տեսնելով ՀՀ իշխանությունների անտարբերությունը մարդկանց ճակատագրի նկատմամբ: Այնինչ, հումանիստական մոտեցում է պետք, մանավանդ մինչև 20 տարեկան հանցագործություն կատարած անձանց նկատմամբ: Սակայն մեր երկրում որևէ վերաբերմունք, որևէ վերականգնողական աշխատանք չի տարվում: Դա ցույց է տալիս դատական իշխանության անկատարությունը»:
Զ. Մուրադյանն էլ նկատեց. «Այս շոգին հացադուլը կարող է կործանարար լինել: Մեզ նրա ճակատագիրն անհանգստացնում է՝ որպես ՀՀ քաղաքացու: Մեկ մարդու փոփոխված ցուցմունքով Մհերին դատապարտեցին մահապատժի: Բազում փաստաբաններ մեր բոլոր դիմումների տակ ստորագրել են, ներման խնդրանքով դիմել ենք տարբեր կառույցների, ՀՀ նախագահին: Սակայն մեր դիմումները դիտավորյալ նրան չեն հասնում»: Զ. Մուրադյանը հավելեց, որ իրենց հաջորդ քայլը լինելու է ԱԺ լսումներ կազմակերպելը:
Կարդացեք նաև
Արծվի Բախչինյանն էլ ասաց. «Սա շանս է իշխանություններին՝ վերանայելու այս խնդիրը: Բայց, ցավոք, մեր հանրապետությունում իրեղեն ապացույցները չեն պահպանվում, ոչնչացվում են»:
Ասուլիսին ներկա էր նաև Մհեր Ենոքյանի մայրը՝ Վարդուհի Օհանյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց. «16 տարի բոլոր դռները թակել ենք, սակայն հայտնվել ենք բետոնե պատերի առջևում: Կարծում եմ, որ մեր հույսը մեռած չէ, սակայն մեր երկրւմ մեռած է դատական համակարգը: Բայց որ Մհերի նկատմամբ խիստ անարդար են վարվել, դա փաստ է: Գոնե պետք է հաշվի առնեին, որ այսքան տարի ոչ բանտերի պագոնավորների, ոչ էլ այլոց կողմից իմ որդին չայլասերվեց: Ուրեմն մի բան այլ է, չէ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ