Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԺ խմբակցությունները եւ պատգամավորական խումբը հայտարարություն են տարածել ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների կապակցությամբ:ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտարարության մեջ ասվում է. «Լեռնային Ղարաբաղի հանրապետության Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող լարվածությունը գնալով ավելի է սրվում: Հակառակորդը դիվերսիոն գործողություններ է ձեռնարկում նույնիսկ խաղաղ բնակչության հանդեպ: Եվ այդ ամենն իրականացնում է մի երկիր, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ:Խստորեն դատապարտելով Հայաստանի եւ Արցախի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ եւ սադրիչ գործողությունները` մենք հայտարարում ենք.
-Ադրբեջանի ձեռնարկած ռազմական սադրանքները հետապնդում են բանակցային գործընթացը ձախողելու եւ տարածաշրջանային անկայունություն հրահրելու նպատակ,
– միջազգային հանրությունը պետք է անհապաղ դիմի կանխարգելիչ քայլերի` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը,
– Լեռնային Ղարաբաղի հանրապետության ժողովուրդը վճռական է` պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը եւ զորացնելու իր անկախ ու ինքնիշխան պետությունը»:
Հայտարարությունը ստորագրել են ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները եւ «Արցախատուն» պատգամավորական խումբը: