Արցախյան ազատամարտի վետերանների միության նախագահ Համլետ Հովսեփյանը պատերազմի վերսկսման վտանգ չի տեսնում: Այսօր «Հայացք» ակումբում ասուլիսի ժամանակ պարոն Հովսեփյանն ասաց, թե Ալիեւը արկածախնդիր է, բայց գիտակցում է, որ միջազգային հանրությունը դատապարտում է ղարաբաղյան հարցի ռազմական լուծումը. «Ադրբեջանն այսօր հպարտանում է իր նավթային դոլարնեով, բայց ամեն ինչ դոլարներով չէ, մենք ավելի լավ ենք սպառազինված, մեր բանակն այսօր պատրաստ է սահմաններում՝ ռազմական լավ պատրաստ վիճակում է»:
Նրա խոսքերով վերջին օրերին ադրբեջանական հարձակումներին հայկական կողմը կոշտ պատասխան է տվել.«Ներքին հարցերում հնարավոր է լինեն որոշակի տարաձայնություններ, բայց երկրի անվտանգության հարցում համախմբված ենք»:
Պարոն Հովսեփյնն ասաց, որ այս օրերին իրենց միության վետերաններն իրեն հիշեցնում են, որ դեռ 1994թ-ին Ադրբեջանն էր աղերսում հրադադարի մասին, միության վետերանները ափսոսանք են հայտնում, որ իրենք այն ժամանակ, թույլ չտվեցին գրավել Շահումյանը, Գետաշենը, Նախիջեւանը: Վետերանների միության նախագահը վստահեցրեց, որ իր գործընկերներն այսօր էլ հնարավոր պատերազմի դեպքում պատրաստ են կռվի դուրս գալ. «Ես վաթսունն անց մարդ եմ, բայց ես էլ պատրաստ եմ: Մեր տղաները գալիս ու ասում են , եթե կարիք կա առանձին վաշտեր ստեղծենք, բայց ես նրանց հանգստացնում եմ, որ մեր բանակը հզոր է եւ ինքնուրույն էլ կարող է պաշտպանվել»:
Կարդացեք նաև
Պարոն Հովսեփյանը կարծում է, որ Ադրբեջանը պարզապես իր այդ պահվածքով, ձեռնոց է նետում միջազգային հանրությանը, իսկ ռազմական լուծումը, նրա խոսքերով, ապագայում էլ հեռանկար չունի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ