Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամերով համակարգչի դիմաց կռացած նստելը դպրոցահասակ երեխաների ողնաշարի ծռման պատճառ կարող է դառնալ»

Հունիս 11,2012 11:37

Արդեն 4-րդ տարին է, ինչ վանաձորցի Նարեն ամեն անգամ հիվանդանոցներ մտնելիս համբերությամբ ուսումնասիրում է ընդունարաններում այս ու այն կողմ շտապող սպիտակ խալաթավորներին:

8-ամյա փոքրիկի անելիքը, սակայն, բժիշկների աշխատանքին դրսից հետեւելը չէ:

4 տարի առաջ, երբ Նարեի ծնողները աղջկա մոտ կոնքի հատվածում ուռածություն հայտնաբերեցին, նրանց սիրտը հուշեց, որ խնդիրը ողնաշարի հետ է կապված:

«Սկոլիոզ է` ողնաշարի ծռում, ամեն տեղ տարել ենք, ասել են պիտի սպասենք մինչեւ 18 տարեկան դառնա, նոր վիրահատենք»,-ասում է Նարեի տատիկը` տիկին Նոնան, ով, թոռան ձեռքը բռնած, Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոցի մարդաշատ ընդունարանում Վանաձոր այցելած գերմանացի մասնագետներին էր սպասում:

8-ամյա փոքրիկի առողջության համար պայքարող ծնողները վերջին տարիներին արդեն լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել:

Վարկերի ծանրության տակ կքած ընտանիքը հույս ունի, որ գոնե այս նախաձեռնությունը դուռ կբացի իրենց խնդրի առաջ:

«Սա մեր հերթական ծրագրերից մեկն է, որն արդեն 21 տարեկան է: 21 տարի շարունակ Գերմանիայի «Ֆրիդենսթորֆ ինտերնացիոնալ» կազմակերպության հետ կազմակերպում ենք այս ակցիան, որի շնորհիվ հայ հիվանդ երեխաները կարողանում են մեկնել եվրոպական կլինիկաներ եւ անվճար վիրահատվել: Հիմնականում այն երեխաներին ենք տանում արտերկիր, ովքեր ունեն վիրահատական լուծում պահանջող հիվանդություններ, կամ այնպիսի հիվանդություններ ունեցողներին, ինչպիսիք Հայաստանում չեն կարող լուծում ստանալ կամ ստացել են ոչ լիարժեք լուծում»,-ասում է Հայաստանի մանկական ասոցիացիայի նախագահ Վարուժան Սեդրակյանը:

Նրա խոսքերով 21 տարվա ընթացքում տարբեր խնդիրներ ունեցող մինչեւ 14 տարեկան 265 երեխա են ճանապարհել Եվրոպական կլինիկաներ, որոնցիցի 185 –ը վիրահատվել եւ բուժվել է:

«Տարիքային սահմանափակում գոյություն ունի, քանի որ 14 –ից սկսած` Եվրոպայում վճարովի է»,-տեղեկացնում է Վարուժան Սեդրակյանը:

«Ոչ մի տեղս չի ցավում, մենակ որ բժիշկն է ստուգում՝ այդ ժամանակ, բայց դիմանում եմ»,-ժպիտը դեմքին պատմում է 8-ամյա աղջիկը, որը մինչեւ 18 տարեկանը պարբերաբար պիտի վարժություններ անի, մերսումներ ընդունի:

«Նարեկ» մանկական հիվանդանոցի մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանն էլ ասում է, որ «Սկոլիոզ» հիվանդությունը հիմնականում հատկապես տարածված է դպրոցական տարիքի երեխաների մոտ:

«Սկոլիոզը կեցվածքի խանգարում է, լինում է բնածին եւ ձեռքբերովի: Ավելի շատ հանդիպում է ձեռքբերովի սկոլիոզ, երբ դպրոցահասակ երեխաները դասերի ժամանակ կռացած են նստում, ոչ ճիշտ դիրքով, պայուսակները ծանր են, ճնշում են ողնաշարին, սպորտով չեն զբաղվում, ժամերով կռացած համակարգչի դիմաց են նստած»,-բացատրում է նա:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930