Երեկ գիշերը Կապանի տարածաշրջանի Ներքին Խոտանան գյուղում ուժեղ քամու եւ հորդառատ անձրեւի հետեւանքով բավականին վնասներ եւ ավերածություններ են եղել գյուղական համայնքում:
Ներքին Խոտանանի համայնքի ղեկավար Կլիմենտ Զաքարյանի հաղորդմամբ` ուժեղ քամուց եւ դրան զուգահեռ տեղացող հորդառատ անձրեւից եւ սելավներից փլվել են գյուղի բնակիչներ Ռաֆիկ Զաքարյանի եւ Արտաշես Ավետիսյանի տների տանիքները, քամին քշել-տարել է նաեւ գյուղի ակումբի շենքի տանիքը, քանդել ճանապարհները: «Դեռեւս երեկ երեկոյան գյուղում ուժեղ կարկուտ սկսվեց, իսկ գիշերվա ժամը 2-ի սահմաններում` հորդառատ անձրեւ եւ ուժեղ քամի: Ես չեմ հիշում, որ երբեւէ նման իրավիճակ լիներ գյուղում: Մեկ ամիս առաջ նորոգված գյուղի ներհամայնքային ճանապարհներն են քանդվել, այդ 2 ընտանիքների տներում եղած բոլոր իրերն ամբողջությամբ ջրի ու ցեխի մեջ են թաղվել, գյուղի կենցաղի ու ակումբի շենքերի տանիքներն են փլվել, մայիսի 23-ին էլ ուժեղ կարկուտից 100 տոկոսով վնասվել են գյուղի այգիները, փչացել է եղած բերքը, բանջարաբոստանային ցանքատարածություններն ու խոտհարքները», – ասում է Ն. Խոտանանի գյուղապետ Կլիմենտ Զաքարյանը:
Գիշերվա ավերածությունների հետեւանքով Կապանի տարածաշրջանի այս գյուղում, ըստ պատասխանատուների, մարդկային տուժածներ չկան:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև