Այսօր շոուբիզնես հասկացություն կա՞ Հայաստանում, թե՞ մնացել է միայն բիզնեսը: Շատանում են այն երգերն ու տեսահոլովակները, որոնք ստեղծվել են միայն գումար աշխատելու համար: Այն երգիչ երգչուհիները, ովքեր գոնե լավ ձայն ունեն ու լավ երգեր, հանկարծ սկսում են «կլկլացնել», ինչն էլ պատճառաբանում են այսպես՝ «Պահանջարկ կա, դրա համար ենք երգում», արդեն «ծեծված» պատասխան է:
Վերջերս Սիլվա Հակոբյանը հանդես եկավ նոր, իսկ ավելի ճիշտ հերթական տեսահոլովակով: «Ուշացել եմ», այսպես է վերնագրված երգը: Կարծիքները տեսահոլովակի մասին տարբեր էին, բայց այն, որ երգը ռաբիս է, դա միաշանակ է: Այս տեսահոլովակին էին անդրադարձել նաև BlogNews-ում՝ ցիտելով ֆեյսբուքյան օգտատեր Մարիա Սարգսյանի գրառումը. «Տեսահոլովակը Արմենչիկի տեսահոլովակների քոփի փեյսթը կարծես լինի… ոչ մի կապ չես գտնում տեսահոլովակի և երգի թեմատիկայի միջև: Տեսահոլովակում շեշտը դրված է շքեղ մեքենաների ու առանձնատների, խնջույքների կադրեր ներկայացնելու վրա: Իրականում կարծում եմ այս տեսահոլովակին կսազեր, որ լիներ ավելի համեստ տեսահոլովակ և ներկայացվեր երգի բառերն արտացոլող տեսահոլովակ»:
Շոուբիզնեսում հիմա իսկական քաոս է, հատկապես երբ մարդիկ դեմ են դուրս եկել երգիչներին: Այս է վկայում նաև Նունե Եսայանի շուրջ քննարկվող լուրերը: Երգչուհին մեկնել է Ստամբուլ՝ համերգի, և թուրքական Hurriyet daily-ին տված հարցազրույցում ասել է՝ «Այո, սահմանը քաղաքական նկատառումներով փակ է, բայց մեր սրտերն են բաց: Ես չեմ հավատում, որ երաժշտությունը կարող է սահմաններ ունենալ»: Սոցիալական ցանցերում իսկական բողոք էր բարձրացել Նունե Եսայանի դեմ, մարդիկ, դժգոհելով երգչուհու խոսքերից, ասում էին. «Մեր սիրտը թուրքի առջև երբեք էլ բաց չի լինի»: Նունե Եսայանն էլ չէր լռում, անգամ իր ֆեյսբուքյան էջում գրել է «ԵՍ slaq.am Լուսինե Հովհաննիսյան -ից պահանջում եմ պատասխան տալ հետևյալ արտահայտության համար, նախ հաշվի առնելով, որ նա խախտել է լրագրողական կանոնները , որն է հոդվածում հեղինակն իր կարծիքն ու տեսակետն է գրում, որով էլ հանրությանը տարածում է իր դիրքորոշումը , ինքը ՝ Լուսինե Հովհաննիսյան ՝ էտ ճղճիմ չկայացած վարձու անբարոն դեռ երևի չի գիտակցում, թե ինչ և ում մասին է գրում, slaq.am իսկ եթե դուք ձեզ զգում եք չեզոք լրատվականի դերում, ապա շտապեմ հիշեցնել ձեր քաղաքական դաշտում չկայանալու մեջ չարժե մարդկանց անձը փնովեք, դրանով ոչնչի չեք հասնի, մենք չենք մոռանում ձեր երկերեսանի լինելը»: Լրատվական կայքերից բացի` այս ամենին անդրադարձել էին նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման շրջանակներում, որտեղ երկար ու ձիգ «բորբոքված» խոսքերից հետո, հաղորդման վերջում երգչուհին, այս ամենից զատ, մի լուր է հայտնում, ասելով, որ ինքն ու Ավո Խալաթյանը սպասում են իրենց երկրորդ երեխային` հորդորելով լրագրողներին այդ ուրախ լուրը գրել:
Ակնհայտ է նաև երգիչների արտագաղթը Հայաստանից: Տարիներ առաջ Հայստանից հեռացել էր երգչուհի Շպռոտը՝ գնալով ԱՄՆ, Մայա Մարգարյանը, ով մշտական բնակություն է հաստատել Բելգիայում, վերջերս էլ լուրեր են պտտվում, որ Հայաստանից հեռացել է հաղորդավարուհի – երգչուհի Արմինե Գրիգորյանը: Ըստ խոսակցությունների՝ պատճառն այն է, որ երգչուհու «համբերության բաժակը լցվել էր», քանի որ նրա նոր հաղորդաշարը, որի չորս հաղորդումներն արդեն պատրաստ են, մերժվել է բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Այս լուրի հավաստիությունը bravo.am-ը փորձել է ճշտել նրա եղբորից՝ հաղորդավար Սամվել Գրիգորյանից, ով հերքել է լուրը, ասելով՝ «Խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: Արմինեն մեկ ամիս առաջ մեկնել է Հայաստանից, բայց ոչ այդքան «ամպագոռգոռ» և ոչ լրատվամիջոցների մատնանշած պատճառով», իսկ այն հարցին, թե ո՞րն է եղել պատճառը՝ հաղորդավարը պատասխանել է. «Չեմ կարող ասել, բայց հաղորդման՝ հեռուստաընկերությունների կողմից մերժվելը դրա պատճառը չէ»:
Տիգրանուհի Թասլակյան
Դեռ չե՞ ք հավանել «Առավոտ երիրտասարդականի» ֆեյսբուքյան էջը: 🙁 Շտապեք հավանել եւ կարդալ երիտասարդական թեմաներով լավագույն հրապարակումները :):