Լրահոս
Օրվա լրահոսը

Էշթոնը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում պահպանել հրադադարը

Հունիս 09,2012 16:47

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական շփման գոտում սրված իրավիճակի վերաբերյալ։

Պաշտոնական Բրյուսելը հայտարարություն է տարածել Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի անունից՝ կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ ռազմական գործողություններից եւ պահպանել հրադադարի ռեժիմը։

«Գերագույն ներկայացուցիչը շատ մտահոգ է հունիսի 4-ին, 5-ին, 6-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում լուրջ զինված միջադեպերի կապակցությամբ եւ խորապես ցավում է մարդկային կորուստների համար», – ասված է հայտարարությունում, – «Գերագույն հանձնակատարը երկու կողմերին կոչ է անում խստագույնս պահպանել հրադադարը եւ զսպվածություն ցուցաբերել թե՛ շփման գծում, թե՛ հրապարակային հայտարարություններում` կանխելու վերջին ամիսների ընթացքում վատթարացած իրավիճակի էլ ավելի սրացումը»:

Հայտարարության մեջ Քեթրին Էշթոնը ընդգծում է, որ սպառնալիքը կամ ուժի կիրառումը, ինչպես նաեւ ներկայիս ստատուս քվոն չեն նպաստում հակամարտության կարգավորմանը եւ փաստում.  – «Վերջին դեպքերը ընդգծում են միջադեպերի հետաքննության մեխանիզմ կիրառելու կարեւորությունը, ինչպես առաջարկում է ԵԱՀԿ-ն: Ավելին՝ դրանք մեծացնում են բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու անհրաժեշտությունը»:

Հայտարարության ավարտին Գերագույն ներկայացուցիչը հորդորում է Հայաստանին եւ Ադրբեջանին, որպես գործընկեր երկրների, ակտիվացնել ջանքերը՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ, ինչպես նաեւ ամբողջությամբ կատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում երկու կողմերի նախագահների ստանձնած պարտավորությունները:

«ԵՄ-ը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին եւ համանախագահների՝ հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին», – ընդգծում է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930