Քիչ առաջ Գեղարքունիքի ԱԻՆ վարչությունում կանչ է գրանցվել, որ Գավառում երկարատեւ տեղատարափ անձրեւից տան պատերը փլվել են եւ անձրեւը լցվում է տան մեջ:
Ըստ Գեղարքունիքի ԱԻՆ վարչության պետ Մարտին Բարսեղյանի՝ փլված պատերով բնակարանը գտնվում է Գավառ քաղաքի Նալբանդյան 90 հասցեում /Բանտի թաղում/:
Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Մ. Բարսեղյանը, բնակարանի փլուզման կանչի մասին գրանցվել է հանրապետության գլխավոր գրասենյակում եւ Գեղարքունիքի ԱԻՆ ծառայությունը մեկ մարտական հաշվարկ է ուղարկել դեպքի վայր՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու, հարկ եղած դեպքում տուն լցված անձրեւաջրերը հեռացնելու համար:
Դեպքի վայրում տանտերը դիմավորել է փրկարարներին՝ նշելով, որ տունը խարխուլ էր, եւ անձրեւաջրերն էլ արդեն դեպի դուրս են հոսում:
Կարդացեք նաև
Այս պահին տները ջուր լցվելու վերաբերյալ մեծաթիվ կանչեր են գրանցվել Գեղարքունիքի ԱԻՆ վարչությունում, սակայն դրանք ծանր դեպքեր չեն եւ տանտերերն իրենց ուժերով անձրեւաջրերը հեռացնում են: Անձրեւաջրերն հիմնականում լցվել են գետափնյա տները:
Գավառցիները նշում են, որ երկարատեւ անձրեւ ոչ միայն խոչընդոտել է մեքենաների երթեւեկությանը, այլեւ կարկուտից տուժել են մեքենաներ: Կարկուտը փշրել է մի քանի մեքենաների դիմապակիներ:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ Վարդուհի Բադալյանի, Աշխեն Սարգսյանի