Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գեներալ Մանվելին ու Սեյրան Սարոյանին շքանշանի փոխարեն մանդատով են պարգեւատրել՝ սխրանքների համար»

Հունիս 09,2012 16:19

 «Իշխանությունն ինչ վտանգ տեսնում է իր համար, մտցնում է իր ցուցակն ու մանդատ տալիս: Որ ուժերից որ տեսնում է վտանգ, որ շերտերին է տեսնում, բոլորին հավաքել է իր մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն այսպես բացատրեց, թե գեներալ Մանվելը կամ Սեյրան Սարոյանն ինչու են հայտնվել ԱԺ-ում եւ ինչ անելիքներ ունեն այնտեղ: Ըստ պարոն Իգիթյանի, գեներալ Մանվելին եւ Սեյրան Սարոյանին մանդատը պետք չէ, նրանք դա ընկալում են որպես պարգեւատրում՝ իրենց սխրանքների համար. «Այսինքն՝ Հայաստանում ոչ թե շքանշանով են պարգեւատրում, այլ՝ մանդատով են գնահատում: Ի՞նչ վատ է՝ դեպուտատ ընտրվել ու գնալ նստել: Բայց նպատակը սրա ՀՀԿ-ի կողմից այն է, որ իրենց կողքին պահի վտանգը:

Ընդհանրապես շատերի տեղը չէ պառլամենտը, որոնք մտել են հատկապես իշխանության ցուցակով: Բայց, ցավոք, այդ քաղաքական մոդելը, որն առաջարկել է ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը, թույլ չի տալիս կրթված, քաղաքական գործունեության համար պատրաստված մարդկանց տեսնել պառլամենտում: Իրենց հենց այդպիսի մարդիկ են պետք: 98-99-ին Երկրապահը կոնկրետ վտանգ էր՝ իշխանության համար: Եթե Երկրապահը վտանգ է իրենից ներկայացնում, ուրեմն պետք է իր կողքը լինի: Եթե ֆինանսական որոշ լծակներ ունեցող  մարդիկ կարող են իրենց մեջ վտանգ ունենալ, ուրեմն պետք է իրենց հետ լինեն»:

Մեր դիտարկմանը, որ ժամանակին էլ նույն ԵԿՄ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին էր եւ նույն ձեւով Տեր-Պետրոսյանն առաջին անգամ երկրապահներին ներքաշեց քաղաքականության մեջ՝ պարոն Իգիթյանը պատասխանեց. «Ոչ թե ինքը ներքաշեց, այլ ընդհանրապես ԵԿՄ-ն եղել է ՀՀՇ-ի մաս: Երբ որ մենք ընդունեցինք «Կուսակցություների մասին» օրենք, ցանկացած ռազմաքաղաքական կազմակերպություն պետք է առանձին լիներ: Չգիտեմ դա սխալ էր, թե ինչ էր, բայց այդպես եղավ, այդպիսի որոշում ընդունվեց, որ ուժային կազմակերպության անդամները չեն կարող կուսակցության անդամներ լինել: Դա սխալ էր, բայց կարելի է բացատրել, թե այդ սխալն ինչից է եկել»:

Հովհաննես Իգիթյանը նաեւ նշեց, որ 5-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ-ն հատուկ նպատակներով իր շուրջն է հավաքել նաեւ իր խոսքերով՝ 20-րդ դարի մարված քաղաքական գործիչներին. «Անունները չեմ ուզում նշել, ՀՀԿ-ն իրենց վերակենդանացրեց եւ վերցրեց իրենց ցուցակի մեջ, որպեսզի զուտ  ՀԱԿ-ի գործիչներին հակահարված տա»: Մենք փորձեցինք ճշտել՝ նրա՞նց նկատի ունեք, ում «ժողգործիքներ» են ասում՝ պարոն Իգիթյանը անուններ չտվեց. «Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը մտադիր է իշխանություն-ընդդիմություն բանավեճը տանել այդ մակարդակի, եւ այդ մարդիկ շատ մեծ դեր եւ փորձ ունեն՝ ցանկացած բանավեճ, ցանկացած երկխոսություն փչացնելու, մակարդակն իջեցնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930