Օրերս Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այցելել էր Հայ ազգային կոնգրեսի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող գրասենյակներից մեկը, որտեղ ըստ լրատվամիջոցների, նարդի է խաղացել, զրուցել ՀԱԿ անդամների հետ: Aravot.am-ը ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ տեղեկություններ ունի՞ թե ինչ են զրուցել շարքային կոնգրեսականներն ու ՀՀԿ անդամը եւ ի՞նչ կարծիքի է Սամվել Ալեքսանյանի այդ այցի մասին՝ դա «բարիշելո՞ւ» փորձ է՝ ընտրությունների ընթացքում այդ տարածքում տեղի ունեցած ընդհարումներից հետո, թե՞ պատգամավորի՝ նարդի խաղալու սովորական մոլուցք էր: Վահագն Խաչատրյանը վստահեցրեց, որ Սամվել Ալեքսանյանն այցելել է ոչ թե ՀԱԿ գրասենյակ, ինչպես լրատվամիջոցներում էր նշված, այլ այդ տարածքում գտնվող ՀՀՇ-ի գրասենյակ եւ հանդիպել ՀՀՇ կուսակցության անդամների հետ. «Ես այդ տարածքի գրասենյակի պատասխանատուն եմ եւ որպեսզի շփոթություն չառաջանա, ասեմ՝ ինքը սովորություն ունի՝ ման է գալիս, հանդիպում այդտեղի բնակիչների հետ: Թե հիմա նարդի է խաղացել, ի՞նչ են արել, ես տեղյակ չեմ, բայց չի բացառվում, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել: Թե ինչքանով է այդ հանդիպումը տեղին, ոչ տեղին, ընդունելի, կամ ոչ ընդունելի՝ նայած ինչ հարցերի շրջանակներում են խոսակցություններն եղել: Եթե լուրջ քաղաքական՝ մեկ ուրիշ է, եթե պարզապես թաղի տղաների հետ հանդիպում է՝դա էլ լրիվ ուրիշ է»:
Ինչ վերաբերում է Սամվել Ալեքսանյանի կողմից բարիշել-չբարիշելուն ՀԱԿ անդամների հետ, պարոն Խաչատրյանն ասաց, որ չգիտի, թե այցի նպատակը որն է եղել՝ հարաբերություննե՞ր պարզել, թե՞ պարզապես այց էր: Մեր զրույցում պարոն Խաչատրյանն ասաց, որ կփորձի ճշտել պարոն Ալեքսանյանի այցի նպատակն ու զրույցի թեման, եւ տեղյակ կպահի:
Այսօր Aravot.am-ը Վահագն Խաչատրյանից նորից հետաքրքրվեց, արդյոք պարզե՞լ է, թե՞ ոչ: ՀԱԿ անդամը վստահեցրեց, որ այդպես էլ ոչ մի նոր բան չի իմացել եւ չի ճշտել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ