Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատմությունը պահանջում է

Հունիս 09,2012 13:53

Վերջերս «Երկիր մեդիա» հեռուստաալիքով լսեցի «Հոդված 27» հաղորդաշարի հերթական հաղորդումը՝
նվիրված Երեւան քաղաքի ճարտարապետության եւ քաղաքաշինության արդի պրոբլեմներին:

Հաղորդմանը հրավիրված ճարտարապետներից երկուսը (ըստ որում՝ կանայք) գտնում էին, որ Թամանյանի նախագծած եւ իրականացրած հայոց ինքնատիպ մայրաքաղաք Երեւանը իր ճարտարապետությամբ արդեն հնացած է եւ պետք է վերանայվի, թարմացվի ու համապատասխանեցվի ժամանակակից եվրոպական քաղաքաշինությանը:

Ի՞նչն է հնացած եւ ի՞նչն է թարմացվելու… Օպերայի եւ բալետի թատրոնի շե՞նքը, որի նախագծման համար Թամանյանը հիմք է ընդունել հայ ճարտարապետության բարձրակետ համարվող Զվարթնոցը: Իսկ շենքի նախագիծը 1937 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է Մեծ ոսկե մեդալի (գրան պրի): Կամ՝ գուցե հնացած է մեր մայրաքաղաքի փառահեղ հրապարա՞կը՝ շրջապատված աննախադեպ տպավորիչ շինությունների միասնական անսամբլով: Ըստ որում՝ մեր հրապարակը, մասնագետների վկայությամբ՝ աշխարհի լավագույն հրապարակներից մեկն է:

Այն ժողովուրդը, որ գալիս է դարերի խորքից, հարյուրամյակների ընթացքում ստեղծել է իր մշակույթը, իր ազգային ուրույն ճարտարապետությունը, քաղաքաշինությունը: Եվ հետագա սերունդները պարտավոր են պահպանել անցյալում ստեղծված մշակութային ավանդույթները՝ շարունակելով ու հարստացնելով դրանք:

Այսպես, Ալ. Թամանյանը եւ հայ մյուս տաղանդավոր ճարտարապետները, հիմք ընդունելով Անի քաղաքի եւ Հայաստանի այլ վայրերի դարավոր եկեղեցիների, վանքերի, տաճարների ու ժանյակատիպ խաչքարերի բարձրարվեստ ճարտարապետական-շինարարական ավանդները, դրանք հագեցրին ժամանակակից ճարտարապետության լավագույն սկզբունքներով եւ 20-րդ դարում կառուցեցին մեր նոր ոստանը, յուրաքանչյուր կառույց օժտելով հայ հին ճարտարապետության ու քաղաքաշինության առանձնահատկություններով՝ գեղեցիկ զարդաքանդակներով, խոյակներով ու պերճահյուս կամարներով: Եվ ստեղծվեց մի ինքնատիպ քաղաք, որով հիանում էին աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերն ու զբոսաշրջիկները:

Քաղաքը կառուցվեց ոչ թե մի քանի տասնամյակների, այլ՝ հարյուրամյակների համար: Մի՞թե մենք այսօր չենք հիանում դարեր առաջ վեր խոյացած մեր տաճարներով ու անզուգական այլ հուշարձաններով: Վաղն էլ մեր զավակները պետք է հիանան թամանյանական Երեւանի գեղեցկությամբ:

Վերջապես ի՞նչ նշանակություն ունի, թե ում եւ ինչ տիրապետության ժամանակ են կառուցվել այդ կոթողները. արաբների՞, պարսիկների՞, թուրքերի,՞ թե՞ խորհրդային իրավակարգի: Փաստն անառարկելի է. դրանք բոլորն էլ մեր ժողովրդի, հայ տաղանդավոր ճարտարապետների մտքի ու ձեռքի արգասիքն են, որ պետք է սրբորեն պահպանվի: Մեր մշակույթը մեկ օրում չի ստեղծվել եւ մեկ օրում էլ չպետք է վերանա:

Երեւանը մենք համարում ենք հնամենի քաղաք, որն անգամ Հռոմից էլ հին է (փաստեր՝ Էրեբունի ամրոցի ավերակները, Երեւանի ծնունդն ազդարարող՝ Արգիշտիի քարակերտ վկայականը եւ այլն): Բայց ո՞ւր են նրա հնությունները վկայող մնացած տեսլականները: Անգամ 19-րդ դարի ընթացքում եւ 20-րդի առաջին տասնամյակներին Երեւանում կառուցված շենքերն այսօր «հարազատ» վանդալների ձեռքով քանդվեցին, վերացան: Այդ շրջանում կառուցվել էին քարե (հատկապես սեւ քարից) ամուր, բարետես, երկհարկանի, նաեւ եռահարկ շենքեր՝ կամարապատ դարպասների, դռների ու լուսամուտների պերճ զարդաքանդակներով ու նախշերով, լայն, գեղեցիկ ձեւավորված պատշգամբների վրա ամրացված գունազարդ ապակիներով, որոնք հատուկ հմայք էին տալիս շենքերին:

Դրանք պահպանվեցին մինչեւ 20-րդ դարի 90-ական թվականները, որպես հին Երեւանի պատմամշակութային անհերքելի հիշատակներ: Այսօր դրանք այլեւս չկան: Վերջին երկու տասնամյակներում գրեթե բոլորն էլ քանդվեցին, փոշիացան, թեեւ չէին դադարում բազմաթիվ մտահոգ մասնագետների ու քաղաքացիների բողոքներն ու ընդվզումները:

Հերթը հասավ նաեւ 20-րդ դարի կառույցներին: Ցավոք, այդ տարիներին վեր խոյացած շենքերից շատերն էլ արդեն արժանացել են նույն տարաբախտ վիճակին: Քանդվեցին ճարտարապետական հետաքրքիր լուծում ունեցած եւ ժողովրդի կողմից «Կուկուռուզ» անվանված Երիտասարդական պալատը, «Սեւան» մեծածավալ հյուրանոցը, Գիտությունների ակադեմիայի Հր. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի եռահարկ շենքը եւ բազում այլ շինություններ: Չխնայվեց նաեւ Իտալական կոչվող փողոցի վրա գտնվող Քաղաքային դումայի շենքը, որ կառուցվել է 1870-ականներին եւ վերակառուցվել 1929թ.: Մի շինություն, որ պատիվ կբերեր այդ շրջանի ցանկացած բարեկարգ քաղաքի: Իսկ Շահումյանի հրապարա՞կը: Չէ՞ որ դա, ինչպես վկայում են ճարտարապետները, Երեւանի պատմության ամենանշանակալից համալիրներից մեկն է:

Մեր նշած ու չնշած, քանդված ու քանդվող բոլոր կառույցները փաստորեն 19-20-րդ դարերի՝ հայ ժողովրդի ճարտարապետական քանքարի արտահայտություններն էին: Մի՞թե մեր կառավարությունն ի զորու չէ զսպել այդ վանդալների քանդարարական մոլուցքը:

Ի՞նչ ենք ցուցադրելու այսօր Հայաստան ժամանած հյուրերին ու զբոսաշրջիկներին: Ինչպե՞ս ապացուցենք, որ Երեւանը գալիս է դարերի խորքից, այն դեպքում, երբ անգամ չկան 19-20-րդ դարերի կառույցներ:

Այսօր Երեւանը կորցնում է (եթե արդեն չի կորցրել) իր ազգային ինքնատիպ տեսքը, վերածվելով եվրոպական շարքային քաղաքների նույնքան շարքային նմանակի՝ հայի համար օտար քարակոփ երկնաքերներով: Հատկապես մայրաքաղաքի կենտրոնում անհարկի ու ծայրաստիճան խիտ շարքերով կառուցված բարձրահարկերը, որոնք խաթարում են Երեւանի ճարտարապետական ամբողջությունը, միաժամանակ ոչնչացնելով կանաչապատ ընդարձակ տարածությունները՝ անվերապահորեն փոխում են քաղաքի ընդհանուր կենսոլորտը, միկրոկլիման, աստիճանաբար այն վերածելով անապատային գոտու (չմոռանանք, որ Երեւանն առանց այն էլ ունի չոր կլիմա): Միաժամանակ նշենք, որ Հայաստանում, որը սեյսմիկ գոտու մշտաշարժ տարածք է, երկնաքերները խիստ վտանգավոր են եւ անհուսալի:

Եվ այս պայմաններում մեր նորօրյա որոշ ճարտարապետներ ձգտում են հայ ճարտարապետությունը «մոտեցնել եւ համապատասխանեցնել եվրոպական քաղաքաշինությանը»:

Ի տարբերություն մեր օտարամոլ վերաբերմունքի, եվրոպական զարգացած երկրների շատ մայրաքաղաքներ (Բուդապեշտ, Բուխարեստ, Բեռլին, Պրահա, Վարշավա եւ այլն) պահպանում են իրենց ազգային կեցվածքը եւ հյուրերին ու զբոսաշրջիկներին ներկայանում քաղաքաշինական ինքնատիպ դիմագծով:

Հեռու չգնանք: Այցելենք Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Ինչպիսի~ հոգատարությամբ ու սիրով են վրացիները պահպանում իրենց մայրաքաղաքի հին շինությունները: Թաղամասեր կան, որ մտնելիս քեզ թվում է, թե հարյուր-երկուհարյուր տարի առաջվա Թիֆլիսն է՝ իր ճարտարապետական կառույցներով ու տիրող պատմական մթնոլորտով: Եվ, իրոք, հավատում ես, որ սա «Հին Թիֆլիսն» է, այսինքն՝ քաղաք, որ պատմություն ունի:

Ցավոք, մենք ինքներս մեզ զրկում ենք մեր քաղաքի պատմական անցյալից: Միայն Կոնդն է մնացել, նա էլ կքանդեն եւ պատմության հարցերը կլուծվեն:

Այսօրվա 20-25 տարեկան երիտասարդները, որ չեն տեսել հին Երեւանը, հնարավոր է, որ ժամանակակից բարձրահարկերը համարեն միանգամայն ընդունելի շինություններ: Բայց նրանք եւս պետք է գիտակցեն, որ Երեւանը եղել է եւ կա հայո՛ց մայրաքաղաք՝ իր քաղաքային մշակույթով, նաեւ բարձրակարգ ճարտարապետությամբ:

Ինչ խոսք, նորամուծություններն ու ճարտարապետական նորահայտ մտահղացումներն անհրաժեշտ են եւ օգտակար, բայց մեր ներկայիս ճարտարապետները ստեղծագործելիս պետք է հիշեն ու օգտագործեն նաեւ հնադարյան, ինչպես եւ երեկվա քաղաքաշինության-ճարտարապետության լավագույն ավանդները: Այդ է պահանջում պատմությունը:

ԹԵՐԵԶԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Ժուռնալիստների միության անդամ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930