Արարատյան թեմը խոստանում է շտկել իրավիճակը
«Ես 15 տարի է՝ այստեղ եմ ապրում, եւ 15 տարիների ընթացքում եկեղեցու բանալին միշտ մեր մոտ է եղել: Առաջ եկեղեցու տարածքում աղբանոց էր, տարբեր մարդիկ էին գալիս, այս տարածքում թղթախաղ էին խաղում: Հիմա ամուսնուս ջանքերով տարածքը մաքրվել է»,- Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մասին պատմեց Քանաքեռ համայնքի բնակչուհի Անին:
Սուրբ Մարիամ Աստվածածինը 17-րդ դարի կառույց է: Եկեղեցու գործունեությունը դադարեցվել է Խորհրդային կարգերի հաստատումից սկսած եւ չի վերականգնվել մինչեւ այժմ: Վերջին անգամ եկեղեցին վերանորոգվել է 1985թ:
«Եկեղեցին գտնվում է հին Քանաքեռում, հենց այն վայրում, որը նկարագրված է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում: Այս եկեղեցու բակում է թաղված Աբովյանի հերոս Աղասին: Բայց, ցավոք, նրա գերեզմանը գտնելը շատ դժվար կլինի»,- շարունակում է Անին:
Մեզ հետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանը մեկնաբանեց. «ՀՀ կառավարության որոշմամբ՝ Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին անհատույց տրամադրվել է Հայ առաքելական եկեղեցուն՝ մի շարք այլ եկեղեցիների հետ միասին: Եկեղեցին ներկայումս չի գործում, քանի որ արմատական լուրջ վերականգնման եւ ամրացման աշխատանքների կարիք ունի: 2011թ. աշնանը սկսվեց եկեղեցու վերականգնման եւ ամրացման նախագծային գործընթացը, որը կիրականանա ՀՀ հուշարձանների պահպանության գործակալության հետ համատեղ»:
Ինչպես տեղեկացրեց Քանաքեռ համայնքի բնակչուհին, եկեղեցին երբեմն այցելուներ է ունենում. «Կիրակի օրերին ու տոն օրերին գալիս է Սբ. Հակոբ եկեղեցու քահանան: Գալիս են նաեւ հավատացյալները»:
Ինչ վերաբերում է եկեղեցու բակում կասկածելի մարդկանց հավաքվելուն եւ թղթախաղով զբաղվելուն՝ Էլզա Մանուկյանը նշեց. «Եկեղեցու ներսում որեւէ մեկը թղթախաղով չի զբաղվել: Հավանական է, չգործող եկեղեցու հարակից տարածքում մարդիկ են հավաքվել՝ իրենց ազատ ժամանակն անց կացնելու համար, որը պատճառ է եղել դժգոհության: Երբ եկեղեցին բնականոն կգործի, այդպիսի բաներ չեն լինի»:
ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ