Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ազատագրել թատրոնը քաոսից

Հունիս 09,2012 13:47

Բեմադրիչների մեկնաբանությունները

Արդյո՞ք հանդիսատեսն այսօր գնում է թատրոն՝ հիմնականում տեսնելու իր կյանքից «բխող» թեմաներ, որոնք մատուցվում են իբրեւ կատակերգություն ու զավեշտ: «Առավոտի» դիտարկումների արդյունքում ձեւավորված այս կարծիքը ճշտելու նպատակով դիմեցինք ճանաչված բեմադրիչներին:

Արմեն Մելիքսեթյանի խոսքերով՝ այդ քայլին թատրոնը ճարահատյալ է գնում. «Սա իսկապես տխուր է: Եթե այսպես շարունակվի, վիճակն ավելի տխուր կլինի: Մշտապես հնչում է այն միտքը, թե «գնում» ենք արեւմուտք: Բայց եթե չունենք մշակված մշակութային քաղաքականություն՝ ո՞ւր ենք գնում, ո՞ւր ենք տանում մեր թատրոնը»:

Ալեքսանդր Գրիգորյանը համոզված է, որ մեր հանդիսատեսը մեծ հաշվով գիտի՝ որ թատրոնն է հաճախում. «Այսօր թատերական կոմերցիայի դար է եւ անհրաժեշտ է, որ թատրոնը պահպանի իր դեմքը: Հանդիսատեսն էլ գալիս է ներկայացման՝ հուզող հարցերին պատասխան ստանալու համար: Ու եթե նույնիսկ դրանք չի ստանում, ապա գոնե մեկ-երկու հարց պետք է ծագի նրա գլխում»:

Արա Երնջակյանը նախ ասաց, որ իրենց թատրոն հանդիսատեսը հաճախում է որոշակի նպատակով, հետո էլ մանրամասնեց. «Ներկայացնում ենք մեր առօրյան եւ նպատակ չենք դրել անպայման զվարճացնել հանդիսատեսին: Մյուս կողմից՝ մեր կյանքը դաժան է, իսկ հանդիսատեսն ուզում է թատրոնում զվարճանալ: Իսկ դրան հասնելու համար պետք է մատուցել միայն բարձրարվեստ գործեր»:

Ժիրայր Դադասյանը խոսքի սկզբում մեջբերեց Արիստոտելի հետեւյալ միտքը, թե կատակերգությունը ցածր ժանր է, իսկ ողբերգությունը՝ հակառակ, հետո էլ հայտնեց հետեւյալը. «Ողբերգությունն իսկապես մաքրման խնդիր է դնում իր առջեւ, իսկ կոմեդիան մակերեսային է ավելի… Թատրոնի խնդիրը գլոբալ է ու պետք է բազմազանություն ապահովել, չի կարելի անընդմեջ քրքջալ: Մեր պրոբլեմը վերջին շրջանում կենցաղայնության մեջ է, որն արդեն խեղդում է: Հանդիսատեսն էլ կորցրել է չափման միավորը. նա թատրոնը այլեւս ասոցացնում է զվարճանքի հետ: Սա խնդիր է, որ անհապաղ լուծման կարիք ունի, որի պատասխանատուներն էլ մենք ենք՝ թատերարվեստի մարդիկ»:

«Հանդիսատեսն այսօր գալիս է թատրոն՝ կամ զվարճանալու, կամ լաց լինելու: Իսկ պետք է լիներ հակառակը. առաջարկվեին բեմադրություններ, որոնք հանդիսատեսին խորհելու, մտածելու տեղիք տային»,- փոխանցեց Նիկոլայ Ծատուրյանը:

Ռուբեն Բաբայանը անընդունելի է համարում այն իրողությունը, որ վատորակ արտադրանքը փորձում են բացատրել հանդիսատեսի ճաշակով. «Օրինակ, եթե խանութում վաճառեն միայն անորակ երշիկ, չեն կարող ասել՝ սպառողը միայն դա է պահանջում, որովհետեւ կողքին բարձրորակը չկա: Կամ՝ խորհրդային տարիներին, ի տարբերություն արեւմուտքի, հայրենական ավտոմեքենաներ գնելու համար հերթագրվում էին: Սա բնավ չէր խոսում այն մասին, թե մեր մեքենաները կարգով ավելի բարձր են, քան դրսինը»:

Արմեն Էլբակյանը, որն այս օրերին կնոջ՝ Աննայի հետ աշխատում է «Թռցրու ինձ Լուսին» կատակերգության վրա՝ ըստ Պրիստլիի «Սկանդալային պատահար միստր Քեթլի եւ միսիս Մունի հետ», նախ կատակեց, ասելով, թե պետք է անել այնպես, որ եւ գայլերը կուշտ լինեն, եւ ոչխարները՝ լրիվ, հետո էլ ավելացրեց. «Եթե կատակերգությունը բարձրարվեստ է, դա հասկանալի է: Իսկ եթե գերխնդիր է դարձել զուտ հանդիսատեսին դուր գալը՝ ինձ համար ընդունելի չէ: Այլեւս գաղտնիք չէ՝ համակարգչից «քաշում» են պիեսներ եւ որոշ փոփոխություններով բեմադրում: Սա իմ ուղեղում ընդհանրապես չի տեղավորվում: Համոզված եմ, որ այս գործում պետք է իրենց ուղեղներն աշխատեցնեն մեր դրամատուրգները՝ ստեղծելով բարձրակարգ գործեր, այդ թվում՝ կատակերգություններ: Դրանով օգնած կլինեն, որ թատրոնը ազատագրվի իր շուրջը տիրող քաոսից»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930