Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցվորը ոչ թե անձն է, այլ՝ ոստիկանությունը

Հունիս 09,2012 13:44

Դատական նիստը հետաձգվեց 11-րդ անգամ

2011թ. մարտի 3-ին Հանրապետության հրապարակում կրպակատերերի ցույցի ժամանակ ոստիկանները գետնին էին տապալել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին:

Նրան բերման ենթարկեցին Կենտրոնականի բաժին, ապա հարուցվեց վարչական գործ Վարդգես Գասպարիի նկատմամբ՝ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելու համար:

Հիշեցնենք, որ նմանատիպ սցենարով էլ մի քրեական գործ է լսվում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Մ. Պապոյանի նախագահությամբ:

2 օր առաջ ՀՀ վարչական դատարանում նշանակված դատական նիստին հայցվոր կողմը՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, գրավոր հայտարարել էր, որ չի ներկայանալու դատական նիստին եւ խնդրում է, որ դատարանը իր բացակայությամբ քննի գործը: Պատասխանողը՝ ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, սակայն, պահանջել էր դատարանից, որ հայցվորին՝ ՀՀ ոստիկանությանը պարտավորեցվի ներկայանալ դատարան, ինչը փաստացի տեղի ունեցավ:

Այս անգամ էլ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ներկայացուցիչը՝ ավագ խորհրդատու Էդգար Պետրոսյանը, պատճառաբանելով, թե ինքը նոր է աշխատանքի ընդունվել եւ դեռ չի հասցրել գործը պատշաճ ուսումնասիրել, միջնորդեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի:

Դատավոր Կ. Բաղդասարյանը զարմանք հայտնեց, թե ինչպես հայցվոր կողմը չի ուսումնասիրել այն գործը, որը 7 ամիս առաջ ներկայացրել է դատարան՝ հիշատակելով, որ հիմնավոր չի համարում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Է. Պետրոսյանի պատճառաբանությունը՝ նոր աշխատանքի ընդունվելու մասին, քանի որ հայցվորը ոչ թե անձն է, այլ՝ ոստիկանությունը: Դատավոր Կ. Բաղդասարյանը, երբ փորձեց ճշտել պատասխանող կողմի՝ Վ. Գասպարիի դիրքորոշումը, ՀԱԿ ակտիվիստը հայտնեց, որ իր համոզմամբ՝ ոստիկանության հարուցած գործը ի սկզբանե հիմնազուրկ է, կառուցված է ակնհայտ ստի եւ կեղծիքի վրա, որի պատճառով էլ ոստիկանության նախկին ներկայացուցիչը պահանջել է իր բացակայությամբ քննել գործը, սակայն, այնուամենայնիվ, եթե ոստիկանությունը գտնում է, որ իր կողմից դատարան է գործուղել առավել պատրաստված փաստաբանի եւ նա կկարողանա պաշտպանել մեղադրանքը, ապա ինքը դեմ չէ դատական նիստը հետաձգելու հետ եւ նոր աշխատանքի ընդունված իրավաբանին զրկել իր կարողությունները դրսեւորելու հնարավորությունից:

Դատավոր Կ. Բաղդասարյանը լսելով կողմերին՝ որոշեց բավարարել միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգել հունիսի 21-ին, ժամը 14-ին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930