Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բասենի եկեղեցին հուշարձանների ցանկում է

Հունիս 09,2012 13:41

«Առավոտ» օրաթերթի մայիսի 24-ի համարում տպագրված «Բացի հոխորտալուց՝ մշակույթի նախարարությունը ոչ մի բանի ի վիճակի չէ» հոդվածի առնչությամբ:

Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը պարզաբանում է. «Հոդվածում գրված է, որ Շիրակի մարզի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը «ընկել է Ախուրյանի շրջանի Բասեն գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Համլետ Պետրոսյանի ետեւից»: Նախ հարց է, թե ով է ում ետեւից «ընկել», եւ Մելիք-Սարգսյան ազգանվամբ անձը, ոչ թե, ինչպես գյուղապետ Պետրոսյանն է նշում՝ ինչ-որ «մեկն» է, այլ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության համապատասխան պետական կառույցի ներկայացուցիչ է, որը մի քանի անգամ հատուկ գնացել էր Ախուրյանի շրջանի Բասեն գյուղ՝ ոչ թե «հավատացյալ» գյուղապետի գլխին «ավետարանով քարոզ» կարդալու, այլ ՀՀ օրենքների պահանջների համաձայն՝ հուշարձանների պահպանության եւ վերականգնման աշխատանքների իրականացումն ապահովելու համար: Հոդվածում Համլետ Պետրոսյանը զրպարտում է Ա. Մելիք-Սարգսյանին, երբ նշում է. «հոխորտալով խոչընդոտել իմ նախաձեռնած աստվածահաճո գործին»: Սա բացահայտ սուտ Է: Պետրոսյանի 2-րդ զրպարտությունն այն է, որ իբր Ա. Մելիք-Սարգսյանը գյուղապետին «սխալ ուղղություն է ցույց տալիս, ասում է՝ պիտի գնաս մարզպետարան»: Նախ՝ Ա. Մելիք-Սարգսյանն ի պաշտոնե համապատասխան գրություններով առաջին հերթին ներկայացրել է Պետրոսյանին, որ 1998թ. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջի համաձայն՝ «հուշարձանների ամրակայումը, նորոգումը եւ վերականգնումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով»: Ըստ այդմ՝ ներկայացվել է նաեւ, որ ՀՀ կառավարության «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը հաստատելու մասին» 2002 թվականի N 438-Ն որոշմամ 75-րդ հոդվածի համաձայն. «Տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման թույլտվություն սահմանված կարգով տալիս է պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինը՝ նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ»: Այսինքն՝ Բասենի համայնքապետին հիմնավորապես բացատրվել է, որ գյուղական եկեղեցու վերականգնման թույլտվությունը սահմանված կարգով տալիս է ՀՀ Շիրակի մարզպետարանը: Հարց է ծագում. եթե ՀՀ կառավարության վերը նշված որոշման պահանջն է, որ տեղական նշանակության հուշարձանի նորոգման եւ վերականգնման թույլտվությունը ստանալու համար պետք է դիմել մարզպետարան, ուրեմն էլ ինչպես կարող է Պետրոսյանը մեղադրել Ա. Մելիք-Սարգսյանին, ասելով թե՝ «սխալ ուղղություն է ցույց տալիս, ասում է՝ պիտի գնաս մարզպետարան, դիմում տաս»: Այնուհետ գյուղապետին ներկայացվել է, որ նույն որոշման 76-րդ հոդվածի համաձայն՝ լիազորված մարմինը, այսինքն՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, «տեղական նշանակության հուշարձանի նորոգման եւ վերականգնման համար համաձայնություն տալիս է նախագծային առաջադրանքների ու նախագծանախահաշվային լիարժեք փաստաթղթերի առկայության դեպքում եւ գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացության հիման վրա»:

Չգիտես ինչու, գյուղապետ Պետրոսյանը ե՛ւ այս հոդվածում, ե՛ւ վերջին բոլոր իր ելույթներում հանրությանը շեղելու համար միտումնավոր լռում է 2 կարեւոր փաստաթղթերի մասին, որոնք առնչվում են եկեղեցու կառուցման թույլտվության հարցին: Պետրոսյանը դիտավորյալ ոչինչ չի ասում, թե Շիրակի մարզպետարանին հասցեագրված իր 2011թ. օգոստոսի 5-ի ԱԲ 00/79 պաշտոնական գրությանն ինչ են պատասխանել: Իրականում Շիրակի մարզպետարանը ընդամենը 3 օր հետո՝ 2011թ. 08.08 N 05.1/3772-11 պաշտոնական գրությամբ պատասխանում է համայնքի ղեկավար Ա. Պետրոսյանին եւ պատճենը հասցեագրում նաեւ ՀՀ մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալության պետ Ս. Առաքելյանին: Սակայն հոդվածում Պետրոսյանը «հալածյալի» կերպարով ներկայացնում է, թե իբր «մարզպետարանում զարմանում են, թե՝ ո՞ւր ես եկել, մշակույթի նախարարություն պիտի գնայիր»: Այստեղ նույնպես Պետրոսյանը խեղաթյուրում է փաստերը: Հիմա տեղին է բառացի մեջբերել Շիրակի մարզպետարանի գրությունից մի հատված, այն է՝ «Ի պատասխան Ձեր 05.08 2011թ. NԱԲ 00/79 գրության՝ հայտնում ենք, որ Բասեն (Մուսայելյան) գյուղի կիսաքանդ եկեղեցու շինության նկատմամբ իրականացված գործողությունները (տարածքի մաքրում, քանդված պատերի ապամոնտաժում, հիմքերի փորում), որոնց մասին նշված է վերոհիշյալ գրության մեջ, հակասում են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի N438 որոշմամբ հաստատված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգի» պահանջներին»: Ահա ճշմարտությունը, որը դուր չի գալիս «որդյակ» Պետրոսյանին:

Եվ Շիրակի մարզպետարանի վերը նշված 2011թ. 08.08 N05.1/3772-11 պաշտոնական գրությունից պարզ երեւում է, որ «մարզպետարանը զարմանալով» հանդերձ եւ Պետրոսյանին ասած «թե՝ ո՞ւր ես եկել» հորդորի փոխարեն, իր լիազորությունների շրջանակներում տեղեկացնելով ՀՀ մշակույթի նախարարությանը՝ նշել է. «Անհրաժեշտ է դադարեցնել սկսած շինարարական աշխատանքները եւ սեղմ ժամկետում ապահովել օրենսդրության պահանջների կատարումը»: Փաստորեն, մինչեւ հիմա Շիրակի մարզպետարանի հանձնարարականը չի կատարվել Բասենի համայնքի ղեկավար Ա. Պետրոսյանի կողմից: Բասենի գյուղապետն ինքնակամ է իրականացրել գյուղի եկեղեցու տարածքի մաքրման, եկեղեցու քանդված պատերի ապամոնտաժման եւ հիմքերի փորման աշխատանքները եւ որպես հետեւանք՝ վնաս է հասցրել հուշարձանին՝ խաթարելով հուշարձանի սկզբնական եւ պատմականորեն ձեւավորված տեսքը:

Հոդվածում նշվում է, թե սրբազանի ասելով՝ «Բասենի եկեղեցին իրենից պատմական-մշակութային արժեք չի ներկայացնում, որպես այդպիսին գրանցված չէ»: Կառավարության 2004թ. N1270-Ն որոշմամբ հաստատված «Շիրակի մարզի պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի» գոյությունը, որի մեջ Բասեն համայնքում հաշվառված է 23 միավոր հուշարձան, այդ թվում գրանցված է եկեղեցի 1906թ. տեղական նշանակության հուշարձան՝ պետական ցուցիչ 7.84.10: Շտապենք ասել նաեւ, որ ընդհանրապես հուշարձանների մշակութային ժառանգությունը չի կարող ունենալ «իրենից պատմական-մշակութային արժեք չներկայացնող» հուշարձաններ:

Ա. ՄԵԼԻՔ-ՍԱՐԳՍՅԱՆ

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930