Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դրացին դրացու վրա դուռ փակելը այլեւս ամոթ է»

Հունիս 09,2012 13:34

Կարծում է «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի այրին

Հրանտ Դինքի կինը կողմ էր, որ սահմանը բացվի:

Իտալիայի հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հրավերով երեկ Գյումրին հյուրընկալել էր մեծ թվով ազդեցիկ թուրք մտավորականների՝ խմբագիրների, լուսանկարիչների, հասարակական գործիչների ու հիմնադրամների նախագահների, որոնք, իրենց ձեւակերպմամբ, պայքարի են դուրս եկել Թուրքիայում Ցեղասպանությունը ժխտող քաղաքականության դեմ: Ներկա էին նաեւ մի շարք դիվանագետներ, օրինակ՝ Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն, որը, ըստ մեր տեղեկությունների, հաճախակի է լինում Գյումրիում, սիրում է իր տոն օրերն ու հանգիստը անցկացնել մշակութային այս քաղաքում: Հյուրընկալվել էր նաեւ Արգենտինայի նորանշանակ դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոհան Շմիդտը, որին Իտալիայի հյուպատոս Անտոնինո Մոնտալտոն ներկայացրեց այսպես. «Ուզում եմ երկու բառ ասել Գերմանիայի դեսպանի մասին. նա ուր որ է՝ պետք է ավարտի իր գործունեությունը, քանի տարի է՝ նա Հայաստանում է, պարոն դեսպանը այնպիսի համակրանք է ձեռք բերել Գյումրիի նկատմամբ, որն աննկարագրելի է: Շատ դեսպանների եմ ճանաչել, բայց շատ քչերն են, որոնք այդքան պատրաստակամ են ու այդքան հետաքրքրված են Գյումրիով, նա շատ միջոցառումներ է հովանավորել»: Այնուհետեւ շարունակելով ներկայացնել միջոցառման նպատակը՝ պարոն Մոնտալտոն ասաց, որ հանդիպումը թեեւ ընկերական է, սակայն անչափ լուրջ է:

Թուրք մտավորականների հետ հանրապետության երկրորդ քաղաք էր ժամանել նաեւ «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքը՝ կինը, աղջիկը, փեսան: Կինը՝ Ռաքել Դինքը, որը գլխավորում է «Դինք» հիմնադրամի աշխատանքները, բավականին մեծ դժվարությամբ համաձայնեց շփվել լրագրողների հետ: Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե շարունակվո՞ւմ են սպառնալիքները իրենց ընտանիքի նկատմամբ: «Քիչ մը անշուշտ հուզմունքով, ուշադրությամբ մեզի մոտենալ կջանան, շատ հոգի կան, որ դժբախտ եղած են, բայց պետք է պետությունը փոխվի, իր խորհրդակերպը, իր սկզբնական խորհուրդը, կազմակերպական սկզբունքները պետք է առաջ տանին, եւ նոր մարդկային իրավունքների վրա կազմակերպվի ամեն ինչը, որպեսզի կարողանան նոր սկզբունքների վրա կառուցել»,- ասաց տիկին Ռաքելը: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման մասին էլ Դինքի այրին կարծիք հայտնեց, որ այնպիսի մշակութային երկխոսության փորձերը, ինչպես այս պահին արվում է Գյումրիում՝ պետական դաշտից հեռու, անչափ կարեւոր են: «Շատ լավ է, որ մարդիկ դրացիներ ըլլալով՝ իրար հետ հարաբերություններ ապրեցնեն, հետո կառավարություններն ու պետությունները կսկսեն շփում կազմել, եթե ժողովուրդը փափագի, անոր համար կարեւոր են»,- ասաց տիկին Ռաքելը: Նա նաեւ շեշտեց, որ «Դինք» հիմնադրամը ամեն ինչ անում է այդ հարաբերությունները ամրացնելու համար, լրագրողական խմբերի է ընդունում ու ճանապարհում, շարունակ մշակութային այցեր է կազմակերպում: Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե Թուրքիայում բնակվող հայերը դեռ փափագած սպասո՞ւմ են սահմանների բացմանը, մեր զրուցակիցն ասաց. «Կփափագին անշուշտ, բայց սահմանների վրա նստող քաղաքները ավելի շատ կհետաքրքրվին, եւ անշուշտ բոլոր երկիրը պետք է հետաքրքրվի, հայերը կուրախանան, որովհետեւ դրացին դրացու վրա դուռ փակելը այլեւս ամոթ է»: Իսկ թե ի՞նչ ընթացքում է գտնվում «Ակոսի» սպանված խմբագրապետի գործը, հույսեր կա՞ն, որ վերաքննիչ դատարանում մարդասպանը արժանի պատիժ կգտնի, տիկինը Ռաքելը փոխանցեց, որ այնքան էլ լավատես չեն՝ «նորանոր սյուրպրիզներ կըրնան ըլլալ»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930