Վերջին դիվերսիոն գործողություններն այսպես է մեկնաբանում ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
«Իրականում իմ տպավորությունն այն է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին վերապահել է շատ վտանգավոր դերակատարություն՝ տարածաշրջանային անկայունություն սադրողի դերակատարություն: Այդ են վկայում նաեւ տեղեկատվական տարբեր հոսքերում արվող ակնարկները, որ ԱՄՆ-ը պատրաստվում է գերժամանակակից, ուսուցողական զինատեսակներ տրամադրել Ադրբեջանին, որպեսզի ադրբեջանական բանակն ունենա իր պոտենցիալ հակառակորդներին տեղազննելու հնարավորություն, ինչն արդեն ռազմավարական նշանակության համագործակցության հեռանկարի մասին է խոսում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին օրերին իրականացվող դիվերսիոն գործողություններին, որոնք նախորդեցին եւ հաջորդեցին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան կատարած այցին, ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Այն, որ տիկին Քլինթոնը Բաքվում հայտարարեց, թե ԼՂՀ հարցի կարգավորումը չի կարող ռազմական լուծում ունենալ, մեր զրուցակիցը չի համարում ադրբեջանական դիվերսիոն գործողություններին համարժեք պատասխան. «Դա ընդամենը դեկլարատիվ հայտարարություն էր, որովհետեւ եթե հայտարարությունները չեն ամրագրվում գործողություններով, քայլերով, ապա ես հակված եմ կարծել, որ դա ընդամենը դիվանագիտական քայլ էր, որն իրեն չէր կարող թույլ չտալ ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը»: Ինչ մնում է Ադրբեջանին, ապա ըստ Վահրամ Աթանեսյանի՝ այդ կերպ, այդ գործողություններով Ադրբեջանի գործող վարչախումբը միջազգային հանրությանը փորձում է հասկացնել, որ իբրեւ երկիր, իբրեւ պետություն՝ իրենք պատրաստ չեն գնալ ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորմանը եւ տարածաշրջանում ապահովել խաղաղություն, կայունություն՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:
Հարցին՝ իսկ ինչի՞ է ձգտում ԱՄՆ-ը, իր իսկ խոսքով, Ադրբեջանին «տարածաշրջանային անկայունություն սադրողի դերակատարություն» վերապահելով՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորը նկատեց. «Այս ամենի նպատակը ես չեմ մասնավորեցնում ԼՂՀ խնդիրը հօգուտ Ադրբեջանի կարգավորելու ԱՄՆ-ի տրամադրվածությամբ: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը խնդիր ունի պատերազմի առիթ ստեղծելու, որպեսզի մուտք գործի ղարաբաղաադրբեջանական զորքերի ներկայիս շփման գիծ՝ հյուսիսից անմիջապես աքցանի մեջ առնելու Իրանի Իսլամական Հանրապետությունը: Փաստորեն, ԻԻՀ հյուսիսային սահմանների վրա ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Թուրքիայի կողմից խոշորածավալ պատերազմական նախապատրաստություններ են ընթանում, եւ հայ-ադրբեջանական սահմանում ու ղարաբաղաադրբեջանական շփման գծում դիվերսիոն գործողությունները այդ նախապատրաստությունների դրսեւորումներն են»: Հղում անելով տարածվող տեղեկատվությանը, որ Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողություններն ընթացել են թուրք եւ իսրայելցի ռազմական տեսուչների մասնակցությամբ, մեր զրուցակիցը դա շատ հավանական է համարում, քանի որ դիվերսիոն գործողությունների օրերին Բաքվում էր գտնվում Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը, եւ նրա ու Ադրբեջանի պաշտպանության նախարարի միջեւ բանակցություններից հետո տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ մի շատ էական ձեւակերպում է եղել, համաձայն որի՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները եւ այն խոչընդոտները, որոնք առաջացնում է ԼՂՀ խնդիրը. «Սա փորձ է, որպեսզի ԼՂՀ խնդիրը միջազգային մակարդակներում դիտարկվի Իրանի հանդեպ Արեւմուտքի վերաբերմունքի եւ հավանական գործողությունների համատեքստում»:
Կարդացեք նաև
Արդյոք ներկայիս գործընթացները ուղղակի ճնշո՞ւմ են Հայաստանի վրա, մանավանդ՝ առաջիկայում նախատեսված է Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը, եւ ինչպես ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց՝ հանդիպման ժամանակ կողմերին նոր առաջարկներ են ներկայացվելու: Վահրամ Աթանեսյանը արտգործնախարարների հանդիպումը ի սկզբանե դասում է ձախողված հանդիպումների շարքին, քանի որ. «Տիկին Քլինթոնը դեռ չէր հասցրել ավարտել իր հայտարարությունը, դրան հետեւեցին «Թուրան» գործակալության խնդրանքով Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն, ոչ անհայտ Սաբինա Ֆրեյզերի մեկնաբանությունները: Ես կարծում եմ, որ ոչ վերլուծաբանների, ոչ լրագրողների համար գաղտնիք չէ, որ ՄՃԽ-ն աշխատում է հայտնի կառույցների հանձնարարությամբ եւ պատվերով»: Հիշեցնենք, որ Սաբինա Ֆրեյզերն ասել էր, թե մեկ-երկու շրջանի վերադարձն Ադրբեջանին կարող է հնարավորություն ստեղծել, որպեսզի ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունները շարունակվեն: Այս ամենից մեր զրուցակիցը ենթադրում է, որ արտգործնախարարների հանդիպմանը ԱՄՆ-ը միակողմանի առաջարկություններ չի կարող անել: Դրանք, հնարավոր է, լինեն համանախագահող երկրների անունից: Դա հնարավոր է այդքան կոպիտ չլինի, ինչպես ներկայացրել էր Սաբինա Ֆրեյզերը, բայց մեր զրուցակիցը ենթադրում է, որ կողմերին կներկայացվի մի առաջարկություն, որը հայկական կողմերի համար անընդունելի է, քանի որ բացասական տեղեկատվական ֆոնն այդ ամենի շուրջ արդեն իսկ ստեղծել է Սաբինա Ֆրեյզերը:
Ինչեւէ, ԱՄՆ-ի՝ տարածաշրջանային նկրտումների հետեւանքները, մեր զրուցակցի համոզմամբ, վնասակար են լինելու նախեւառաջ Ադրբեջանի համար, քանի որ նման քաշային կարգում խաղացողը աշխարհաքաղաքական խաղերում երբեք չի կարող հետամուտ լինել իրեն անմիջականորեն հուզող շահին, տվյալ դեպքում՝ ԼՂՀ հարցի կարգավորմանն իր օգտին:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ