Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբերի գյուղապետ Սուրեն Խուդավերդյանն ասաց, որ վերջին 3 օրերին, գիշերները ադրբեջանական զինուժը գնդակոծել է գյուղի տարածքը:
«Մեր գյուղը սահմանից ընդամենը 400-500 մ հեռավորությամբ է գտնվում: Բերքաբերի վրա խաչաձեւ, երեք տեղից՝ ադրբեջանական Մազամլի, Ղզլհաջլու գյուղերից եւ մեր գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերից կրակում են: Վնասներ չկան, քանի որ հիմնականում հրաձգային զենքերից են կրակում, գյուղացիներն արդեն գիտեն պաշտպանվելու ձեւերը, վտանգի ժամանակ թաքնվում են: Մենք արդեն 20 տարի սովոր ենք ադրբեջանական կրակոցներին, չենք վախենում: Սակայն գյուղի 1184 հա վարելահողերի 75 տոկոսը ադրբեջանցիների վերահսկողության տակ է: Հիմա գյուղատնտեսական աշխատանքների բուռն շրջանն է, բայց մարդիկ վախենում են ադրբեջանցի նշանառուների դեմ-դիմաց, 400մ հեռավորությամբ գտնվող դաշտերում աշխատել», – ասաց 2005թվականից սահմանամերձ համայնքը ղեկավարող 58-ամյա Ս. Խուդավերդյանը:
Ոսկան Սարգսյան