Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմը պետք չէ բացառել»

Հունիս 09,2012 13:11

Կիրո Մանոյանը չի բացառում, որ հունիսի 18-ին կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը տեղի չունենա: Նրա կարծիքով՝ եթե առաջիկա օրերին եւս Ադրբեջանը շարունակի  ռազմական գործողությունները, մենք կարող ենք եւ չգնալ այդ հանդիպմանը: Եվ այդ հարցն, ըստ Մանոյանի, պետք է դնի հայկական կողմը՝ այդպիսով մղելու համար գերտերություններին, որ անվերջ հավասարության նշան չդնեն կողմերի միջեւ եւ իրենց հստակ գնահատականը տան մեղավոր կողմի քայլերին: Ներկայացնում ենք թեմայի շուրջ  ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի  եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի բանավեճը: 

«Առավոտ»– Ինչպիսի՞ պատճառահետեւանքային կապ կա  Քլինթոնի՝ Ղարաբաղի հարցով նոր մոտեցումներ ներկայացնելու մասին հայտարարության եւ վերջին օրերին սահմանագոտում տիրող իրավիճակի միջեւ:

Կիրո Մանոյան– Ես կարծում եմ, որ նման ուղղակի կապ չկա,  պարզ է, որ ամսի 18-ին արտգործնախարարների հանդիպումը նախատեսված էր դեռեւս մինչեւ  այդ սահմանային գործողությունները: Նաեւ՝ շատ վստահ չեմ, որ ամսի 18-ին կայանալիք հանդիպման ընթացքում կլինեն իսկապես նոր առաջարկներ: Կարծում եմ, որ կլինեն հիմնականում  նոր փաթեթավորմամբ հին առաջարկները, առավել եւս, որ տիկին Քլինթոնը Երեւանում հայտարարեց՝ երեք հայտնի սկզբունքները մնում են անփոփոխ: Այլ բան Քլինթոնի այդ հայտարարության մեջ պետք չէ տեսնել:

Թեւան Պողոսյան- Ադրբեջանը փորձում է տարբեր գործողություններով նախապատրաստվել մի գործընթացի՝ ուժային տեսակետով: Կազանը ցույց տվեց  մի վերջակետ, երբ առկա ֆորմատները չաշխատեցին,  Ադրբեջանը հետ կանգնեց  բոլոր պայմանավորվածություններից եւ հիմա պետք է նոր դաշտ ստեղծի, որպեսզի փորձի ապացուցել իր ճշմարտացիությունը՝ ինչու է ինքը հետ կանգնել իր նախնական մի շարք «այո»-ներից: Բնականաբար, այս գործընթացների դեմը պետք է առնել եւ դիվանագիտական հակազդեցությամբ  հասնել նրան, որ այդ նոր մոտեցումներում ձեւակերպումները լինեն  առավելագույնս պրոհայկական: Ինչ վերաբերում է նշված կապին, ապա կարծում եմ, որ այնպես չէ, որ Քլինթոնն այստեղ տեսավ, որ կրակում են եւ միանգամից ասաց՝ եկեք վաղը նոր առաջարկներ անենք: Բնականաբար, դա պայմանավորված քաղաքականություն է համանախագահ երեք երկրների միջեւ,  որտեղ էքսպրոմտային երեւույթներ չկան:

«Առավոտ»- Այսինքն՝ այդպիսով, Դուք չե՞ք կիսում այն մոտեցումը, թե Քլինթոնի այցով եւ արած հայտարարությամբ ԱՄՆ-ը այս փուլում գործընթացի կարգավորման մեջ առաջնային դերակատարությունը ստանձնելու հայտ ներկայացրեց:

Թ. Պողոսյան- Չէի ասի, թե ԱՄՆ-ը նման հայտ է ներկայացրել, որովհետեւ միշտ էլ այդ հայտը ներկայացվել է երեք երկրների կողմից:  Եթե հիշում ենք երեք փուլերը, երբ Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը փորձեցին առանձին-առանձին ստանձնել գործընթացի կարգավորման գլխավոր դերակատարությունը, ապա կարծում եմ, որ դա եռակի դաս էր համանախագահ երկրներին, որ առանձին-առանձին գործելու դեպքում գործընթացն առաջ չի գնա:

Կ. Մանոյան- Կարծում եմ՝  ԱՄՆ-ը հաստատ, առնվազն այս ժամանակահատվածում, ղեկը ստանձնելու  խնդիր չի դրել իր առջեւ, քանի որ իրենց մոտ նախագահական ընտրություններ են,  եւ Ղարաբաղի հարցը  իրենց համար այնքանով է կարեւոր, որ պատերազմ չլինի:  Այս առումով Ֆրանսիան եւ Ռուսաստանը, որտեղ նախագահական ընտրություններն արդեն կայացել են, ավելի հանգիստ կարող են առաջնորդել, քան ԱՄՆ-ը, որն, իհարկե, ամեն կերպ կփորձի ցույց տալ, որ ինքը եւս ետ չի մնում:

«Առավոտ»– Այս օրերին հաճախ է նշվում, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագլխում  սանձազերծված սադրանքը մարտահրավեր էր՝ ուղղված ՀԱՊԿ-ին, որի լիիրավ անդամն է Հայաստանը: Ինչպես տեսնում ենք, ՀԱՊԿ-ից որեւէ սաստող արձագանք չեղավ: Ընդամենը կազմակերպության մամլո խոսնակը նշեց, որ ՀԱՊԿ-ը մտահոգված է՝ հավելելով, որ Հայաստանից կազմակերպությանը այդ խնդրով չեն դիմել:  Ի՞նչ է ցույց տալիս այդ արձագանքի բացակայությունը, եւ արդյոք Հայաստանը պե՞տք է դիմեր, որ դատապարտող կամ սաստող  արձագանք լիներ:

Կ. Մանոյան- Լավ է, որ Հայաստանը չի դիմել, որովհետեւ սա այն միջադեպը չէր, որ մենք պետք է դիմեինք: Այսինքն՝ մենք պետք է դիմեինք որ ինչ՝ օգնությա՞ն հասեք:

Թ. Պողոսյան– Ես ուրախ եմ, որ մեր ուժն այնքան բավարար է, որ մենք  կարող ենք ապավինել ինքներս մեզ  եւ առնվազն հայ-ադրբեջանական սահմանի վրա մեր խնդիրները լուծել սեփական միջոցներով՝ առանց սպասելու որեւէ մեկի միջամտությանը:

«Առավոտ»– Առաջիկայում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն ինչպե՞ս եք գնահատում:

Թ. Պողոսյան- Այսօրվա դրությամբ Ադրբեջանը դեռեւս պատրաստ չէ լուրջ գործողություններ սկսելու եւ կլինեն միայն այդպիսի մանր-մունր բաներ, որոնց պետք է բոլոր հարթություններում այնպիսի պատասխան տալ, որ հաջորդ անգամ իրենք մի 25 տարի երկար մտածեն:

Կ. Մանոյան– Պետք չէ բացառել, որ հանկարծ Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները կարող են վերածվել պատերազմի: Ընդ որում՝ անկախ Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ որեւէ այլ երկրի կամքից: Դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի խելահեղ սպառազինման եւ  ռազմատենչ հայտարարությունների արդյունքում:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Թեմայի շուրջ  ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի  եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930