Կապանի թիվ 3 կրթահամալիրում պետբյուջեի միջոցներով նախորդ տարիներին սկսված նորոգման աշխատանքներն արդեն քանի տարի է՝ կիսատ են մնացել եւ դպրոցն ամբողջովին նորոգված տեսք այդպես էլ չի ստացել: Ներկայումս դպրոցում նորոգման կարիք ունեցող մյուս հատվածներում, այդ թվում նաեւ մարզադպրոցում, իրականացվում են վերանորոգման համար անհրաժեշտ նախագծման աշխատանքներ, բայց այս անգամ ոչ թե պետբյուջեի միջոցներով, այլ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ըստ նախագծողների` կազմակերպվող նախագծման աշխատանքների արդյունքում արդեն պարզ կդառնան վերանորոգման աշխատանքների ծավալները եւ ժամկետները:
Իսկ մինչ այդ, դպրոցը նոր կահույքով ու համակարգիչներով է համալրվել: «Աջակցություն հատուկ եւ գիշերօթիկ դպրոցներին» ծրագրի շրջանակներում նույն հիմնադրամի կողմից հատուկ կրթահամալիրին տրամադրվել է շուրջ 8.8 մլն դրամ արժողությամբ կահույք եւ համակարգչային սարքավորումներ:
Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի տնօրեն Ռիտա Դավթյանը, նոր գույքից բացի, կրթական հաստատության համար կարեւորագույն խնդիրներից է համարում սեփական անկյուն չունեցող, հատուկ կարիքավոր երեխաներին կացարանով ապահովման հարցը:
2011թ-ի հունիսից «Քրոնիմետ մայնինգ» գերմանական ընկերության կողմից հիմնադրված «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների տեղեկատվությամբ` տվյալ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում եւ ներկայումս քննարկման փուլում է գտնվում «Ջերմիկ անկյուն» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է կացարանի ձեռքբերում կրթահամալիրի առավել բարդ խնդիրներ ունեցող շրջանավարտների համար:
Ներկայումս Կապանի թիվ 3 կրթահամալիրում 143 երեխա կա, որից 79-ը հաշմանդամություն ունի:
Բացի Կապանի թիվ 3 հատուկ դպրոցից` «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը Սյունիքի մարզում համագործակցում եւ համապատասխան աջակցություն է ցուցաբերում նաեւ Սիսիանի թիվ 1 հատուկ դպրոցին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ