ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Lurer.com-ին տեղեկացրեց, որ այսօր վարչապետի հրավերով ԱԺ ՀՅ Դաշնակցության խմբակցությունը հանդիպում է ունեցել կառավարությունում: Խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը եւ Արմեն Բաբայանը: Վարչապետից բացի, հանդիպմանը ներկա են եղել նրա թիմի անդամներ՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը եւ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ վարչապետը ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական դրույթները, որոնք վերաբերում են արտահամանն ուղղված ռազմավարությանը, սոցիալական եւ գյուղատնտեսության ոլորտում կատարվելիք քայլերին:
«Իհարկե, վարչապետի ներկայացրածը շատ համառոտ դրույթներ էին, բայց, իմ տպավորությամբ, նոր բան չկար, կառավարությունը պատրաստվում է շարունակել իր որդեգրած քաղաքականությունը»,- ասաց պարոն Վարդանյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ վարչապետն ասել է, թե մանրամասն ծանոթացել է Դաշնակցության նախընտրական ծրագրին, եւ կարծում է, որ այնտեղ կան դրույթներ, որոնք իրենց համար ընդունելի են: