Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երիտասարդների կյանքը մեծագույն արժեք է: Այն պետք է պահպանել` առանց ազգային պատկանելությունը մատնացույց անելու

Հունիս 09,2012 11:31

Նոյեմբերյանում բնակվող զարմուհիս երեկ ասաց, որ մարդիկ արդեն սովոր են կրակոցներին, ավելի զգույշ են: Որ փակ է Իջեւան-Նոյեմբերյան պետական նշանակության ճանապարհը: Եվ, որ տեղացիները, հատկապես դիմորդները, ընդունելության քննությունները հանձնելու նպատակով Իջեւան են ուղեւորվելու Բաղանիս գյուղով: Իսկ դա եւս անվտանգ չէ. ըստ բնակիչների` այս ճանապարհին էլ սողանքների հավանականությունն է մեծ:

Հետաքրքիր է, որ սահմանամերձ գյուղերի մեր բնակիչներն ավելի ադեկվատ են, իրականությունն ավելի սթափ են գնահատում, քան ադրբեջանցիների դիվերսիոն խմբերից անհամեմատ հեռու քաղաքաբնակներս:

Մայրաքաղաքում իրենց բողոքի ալիքն` ընդդեմ ադրբեջանցիների ագրեսիայի, բարձրացրեցին քաղաքական որոշ գործիչներ եւ հասարակական կազմակերպություններ: Սգո երթով մայրաքաղաքի փողոցներով շրջում էին «Հայազն» միության երիտասարդ անդամները: Նրանք բազմաթիվ կետերից բաղկացած նամակներ ունեին: Ինձ համար խիստ անակնկալ էր նամակի կետերից մեկը. «Անհապաղ վերանայել «պատասխան գործողությունների» մեր չափանիշը. թվաբանական համարժեք հատուցումը համարժեք չէ` ըստ էության: Իրական համարժեք պատասխանը պետք է էապես ավելի մեծ լինի եւ ներառի ժողովրդագրական համամասնությունը, ինչպես նաեւ պատժիչ եւ կանխարգելիչ նշանակություն հաղորդող գործակիցները: Արդյունքում` զոհերի մեկին տասը հարաբերությունն այն նվազագույնն է, որ կարող է, ըստ էության, համարժեք համարվել: Համարժեք պատասխանն` առանց վաղեմության սահմանափակման, պետք է վերաբերի նաեւ անցյալում պատճառած բոլոր կորուստներին»:

Կփոխվի՞ իրավիճակը, երբ կողմերը բազում զոհեր տան: Մեր յուրաքանչյուր զինվորի մահը ողբերգություն է: Սակայն ինքս կողմ եմ, որ այդ մահը կանխվի` բարձրաստիճան զինվորականների զգոնության, պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, այլ ոչ թե` յուրաքանչյուր երիտասարդի կյանքի գինը լինի տասը այլ երիտասարդի կյանք, թող որ` ադրբեջանցի: Նրանք էլ երիտասարդ տղաներ են, ունեն ծնողներ, երեխաներ: Եվ առաջին գծում հայտնվում են նույն պատճառով, ինչ պատճառով այնտեղ են հայտնվում հայ տղաները:

Ինքներս գիտենք` առաջին գծում, որպես կանոն, ծառայում են այն տղաները, ովքեր կա՛մ այնքան խեղճ են, որ ավելի ապահով տեղում ծառայելու հնարավորություն չեն ունեցել, կա՛մ սեփական ցանկությամբ են այդտեղ հայտնվել: Թե՛ Հայաստանում, թե՛ առավել եւս` Ադրբեջանում, խաղաղ պայմաններում բանակում զինվորներ են սպանվում, ինքնասպան լինում: Թե ինչ ընթացք է ստանում այդ զինվորների մահվան հանգամանքների քննությունը, լրացուցիչ անդրադարձի կարիք չունի: Այնպես որ, երիտասարդների կյանքը մեծագույն արժեք է: Այն պետք է պահպանել` առանց ազգային պատկանելությունը մատնացույց անելու: Ամեն դեպքում, այդպես կվարվեին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, եթե իմաստուն լինեին:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930