Խորհրդարան անցած բոլոր ուժերը` անկախ հռետորաբանության տարբերությունից, ընդունել են ընտրական այն կանոնները, որոնք ակնհայտորեն գործելու են նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ: Բնականաբար, նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգներից մեկը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն է` անձամբ կամ մեկ այլ թեկնածուի միջոցով, ինչն էլ կկանխորոշի ԲՀԿ-ի դիրքորոշումը: Սակայն դա եւս մեծ հաշվով հազիվ թե կարող է բեկումնային ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա: Եթե անգամ Ռ. Քոչարյանն անձամբ առաջադրվի, ապա դա չի կարող ունենալ «վերադարձի այն էֆեկտը», ինչ ունեցավ Լ. Տեր-Պետրոսյանը 2008 թվականին: Այլ թեկնածու առաջադրելու դեպքում ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, անգամ ՀԱԿ-ի հրապարակային կամ թաքնված աջակցության դեպքում, ընդամենը ապագա իշխանական համակարգում ավելի մեծ մասնաբաժին ունենալու խնդիր են լուծելու, որը կարող է արտահայտվել, ասենք, նույն Ռ. Քոչարյանի` վարչապետ դառնալով: Իսկ ԱԺ ընտրություններից հետո ԲՀԿ-ի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ նախագահական ընտրություններում այդ ուժը չի կարող անցնել «խիստ կառուցողականության» սահմաններից: Այսինքն` ներկայիս պայմաններում նախագահական ընտրություններում ուղղակի կամ միջնորդավորված մասնակցություն ունեցող գրեթե բոլոր ուժերը խաղի մեջ են մտնելու Սերժ Սարգսյանի վերընտրության կանխավարկածով: Այդ ուժերի դիրքորոշումից ու վարքագծից է կախված լինելու, իհարկե, այն, թե որքանով հարթ կամ անհանգիստ կանցնեն նախագահական ընտրությունները, որքանով ուժեղ կամ թույլ կլինի Ս. Սարգսյանի ապագա իշխանությունը: Եվ հենց դա էլ դառնալու է առաջիկա զարգացումների հիմնական լեյտմոտիվը: Այսինքն` բոլոր ուժերը` առանձին կամ միասնաբար, գործող իշխանության հետ առեւտրի մեջ են մտնելու նախագահական ընտրություններում սեփական դիրքավորվածությունը «վաճառելու» նպատակով:
«168 ժամ»