Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթընը հայտարարել է, որ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներով: Մինչ այդ մտահոգություն էին հայտնել գրեթե բոլոր գերտերություններն ու միջազգային կառույցները: Սակայն նրանց բոլորի մտահոգությունները արժեզրկվում են այն տեքստերով, որով արտահայտվում են մտահոգությունները: Բանն այն է, որ դրանցում հեղինակները միահամուռ կերպով խուսափում են կոնկրետ անուններ նշելուց և Ադրբեջանի, այսպես ասած, նախաձեռնողականությունը հստակ քննադատելուց: Պարզ է, բոլորի համար հասկանալի է, որ դիվանագիտական լեզվով պահելով հավասարակշռությունը, այդ մտահոգությունների հեղինակները իրականում լավ էլ հասկանալի են կողմերից յուրաքանչյուրի համար: Սակայն արդեն, թերևս, ժամանակն է, որ միջազգային հանրությունն իրերը սկսի կոչել իրենց անունով:
Ի վերջո, միջազգային հանրությունը շատ կոնկրետ պատասխանատվություն է ստանձնել Հարավային Կովկասի իրավիճակի համար: Մենք ամենևին չենք խնդրում կամ հորդորում նրանց մեր փոխարեն ապահովել Հայաստանի անվտանգությունը կամ անել այն, ինչ մենք ենք պարտավոր անել: Սակայն մենք իրավունք ունենք միջազգային հանրությունից այլևս պահանջել, որ գնահատելով իրավիճակը, նրանք իրերը կոչեն իրենց անուններով և դիվանագիտական հավասարակշռության լեզուն փոխարինեն պատասխանատվության լեզվով: Վերջիվերջո, բոլորի համար է հասկանալի, որ Հայաստանն ի զորու չէ միայնակ ապահովել տարածաշրջանային կայունությունը, հետևաբար, այդ կայունությամբ շահագրգռված կառույցներն ու գերտերությունները պետք է, թերևս, վերջապես շատ ավելի հստակ և տարբերակված քաղաքականություն ցուցաբերեն տարածաշրջանային երկրների հանդեպ, որովհետև ներկայումս գեներացվող լարվածությունը նաև նրանց, այսպես ասած, հավասարակշռության քաղաքականության տապալման հետևանք է:
Նրանց բոլորի մտահոգությունը հասկանալի է, այդ մտահոգության անկեղծությունը կասկածի տակ չենք դնում, բայց կասկածի տակ ենք դնում գործողությունների և մոտեցումների արդարացիությունը արդյունավետության տեսանկյունից: Հավասարակշռության քաղաքականությունը Հարավային Կովկասում վաղուց սպառել է իրեն, և եթե միջազգային կառույցներն ու գերտերությունները չեն ցանկանում դրանով է՛լ ավելի խորացնել տարածաշրջանային լարումը, միգուցե արժե, որ սկսեն տարբերակման քաղաքականությունը: Դա չի նշանակում պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ: Դա պարզապես նշանակում է, որ պետք է վերջապես անցնել կովկասյան գործնական քաղաքականության և տարածաշրջանին իրականում օգնել կայունության և խաղաղության հարցում:
«Ժամանակ»
Կարդացեք նաև