Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի լրագրողները խախտեցին պայմանավորվածությունը

Հունիս 09,2012 10:32

Օրերս Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի որոշ լրատվամիջոցների ղեկավարներ: Այդ կապակցությամբ հայկական կողմից որոշ դիտարկումներ փոխանցել է Արամ Աբրահամյանը, իսկ ադրբեջանականից` «Բակինսկի ռաբոչի»-ի գլխավոր խմբագիր Ռահման Հաջիեւը: Կողմերը «համաձայնել են, որ մամուլում վիրավորական արտահայտություններ թույլ չտան պետությունների ղեկավարների հասցեին, ընդհանրացնող բնութագրումներ չանեն ժողովուրդների մասին»:

Ինչ խոսք, ողջունելի է, երբ լրագրողները գիտակցում են, որ թշնամանքը եւ անձնական վիրավորանքները, վերագրումները նույնքան անցանկալի եւ վտանգավոր են, որքան, ասենք, շփման գծում դիպուկահար կրակոցները կամ դիվերսիաները: Բայց ինչպե՞ս է ադրբեջանական մամուլն արձագանքել դրան: Բաքվի «Էխո»-ն հունիսի 7-ին հանդես է եկել «Հայ տեռորիստները հասան մինչեւ Տոկիո» վերտառությամբ հոդվածով:

Ադրբեջանցի լրագրողի «մտքի թռիչքը» նկատվում է անմիջապես. հոդվածը լույս է տեսնում այն պահին, երբ Ճապոնիայում է նախագահ Սերժ Սարգսյանը: Ստացվում է «թափանցիկ ակնարկ»: Բայց հետագա շարադրանքը որեւէ կերպ չի կապվում Հայաստան- Ճապոնիա հարաբերություններին, իսկ նախագահ Սարգսյանի հասցեին էլ վիրավորական ոչինչ չի պարունակում: «Էխո»-ն այդ հարցում «մաքուր է»:

Փոխարենը ներկայացված է մի «հավաստի պատմություն» առ այն, որ Տոկիոյի մետրոպոլիտենում 1995 թ. մարտի 20-ի ահաբեկչության ժամանակ «Աում Սինրիկե» աղանդի գրոհայինների օգտագործած «զարին» գազի արտադրության «տեխնոլոգիաները ձեռք են բերվել Օլեգ Լոբովի միջոցով»: Նախ, սա ընդամենը վարկած է, չապացուցված: Երկրորդ, ի՞նչ կապ ունի Օլեգ Լոբովը Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ:

Ահա այստեղ «Էխո»-ի հեղինակը «քիթը շատ խորն է խրում» եւ փորփրելով պարզում, որ… Օլեգ Լոբովը 1980-ական թվականներին եղել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար: Իսկ ի՞նչ է «հետեւում» դրանից: Հետագա շարադրանքը զուտ ցնդաբանական երեւակայումների մի շիլաշփոթ է, որտեղ իրար են բերված եւ «Զվարթնոց» օադանավակայից «Պաղեստինի ազատագրման կազմակերպության հասցեով առաքված թանկարժեք մետաղներն» ու խորհրդային «ՊԱԿ-ի եւ ԱՍԱԼԱ-ի համագործակցությունը, որ կոորդինացնում էր Հայաստանի ՊԱԿ-ը», եւ Մոսկվայի մետրոպոլիտինում «հայերի կազմակերպած ահաբեկչությունը», եւ, իհարկե, այն բոլոր «ահաբեկչությունները, որ հայերն իրականացրել են Ադրբեջանում»:

Հայաստանում Օլեգ Լոբովի մեկ-երկու տարվա կուսակցական աշխատանքն ու նրա «հետագա կապը» ճապոնական աղանդի ներկայացուցիչների հետ «բավական են», որպեսզի ադրբեջանական լրատվամիջոցը ահաբեկչականություն վերագրի թե՛ Հայաստանին, թե՛, առհասարակ, հայ ժողովրդին: Եվ սա, կրկնենք, Հայաստանի եւ Ադրբեջանի լրագրողների մոսկովյան հանդիպումից տառացիորեն մեկ օր հետո:

Ի տարբերություն «Էխո»-ի հեղինակիՙ մենք զերծ կմնանք ադրբեջանական ժողովրդին ուխտադրժության գենետիկ հակվածություն վերագրելուց: Ընդամենը կարձանագրենք, որ, ինչպես Ադրբեջանի իշխող վարչախումբը չի հարգում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դառնում է անվստահելի, այդպես էլ` նրան սպասարկող լրատվամիջոցները: Իսկ արժե՞ նմանների հետ հետագա հանդիպումների ծրագրեր մշակել:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930