«Մեր երկրում խաղի կանոնները որոշվել են Սերժ Սարգսյանի կողմից. թվեր է տվել ու ասել` այսքան կհավաքեք, կբերեք մի մասը կտաք պետությանը, դրա 2 անգամ մեծ մասը կդնեք ձեր գրպանները, այսինքն` կտաք մեզ: Դա միայն ես չեմ ասում, մասնագետներն են ասում`Հայաստանում ստվերն 2 անգամ մեծ է, քան իրական բյուջեն»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը` խոսելով հարկային-մաքսային բարեփոխումներից: Նա նշեց, որ իշխանությունը չի ցանկանում բարեփոխումենր իրականացնել. «Պետք է խաղի կանոնները փոխել, այսինքն`ընդունել այն, ինչ գրված է թղթի վրա, օրենքում, եւ եկեք դրանով աշխատենք: Բայց մարդիկ մի 5 օր աշխատում են եւ հասկանում, որ այդպես հնարավոր չէ, սկսում են էլի հին ծանոթ- բարեկամ գտնել հարակայինում, մաքսայինում ու կառավարությունում ու սկսում են ստվերում աշխատել»:
Պարոն Խաչատրյանը, որպես իր խոսքերի ապացույց, որ ոչ մի բարեփոխում էլ չի կատարվում, հատկապես տեղական արտադրողների մասով, մի օրինակ ներկայացրեց. «Դեկտեմբերին օրենք ընդունվեց բոլոր ներմուծվող ապրանքների վրա, այդ թվում նաեւ արտադրական նշանակության հումքի եւ արտադրատեսակների վրա, 10% մաքս ավելացվեց: Գործարարներ կային, որոնք այդ 10%-ի վրա էին աշխատում, որը թույլ էր տալիս իրենց արտադրանքը արտահանել, սա էլ ձեռքներից վերցրեցին»: Ըստ պարոն Խաչատրյանի, քանի որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը թույլ է տալիս կիրառել այդ 10% մաքսը, մեր կառավարությունն էլ որոշեց դա կիրառել, որի արդյուքնում բյուջեն լցնելու համար հաստատված գումարի մի մասն էլ կստանան: Տնտեսագետի խոսքերով` իրականում Հայստանը պատարստ չէ եվրոինտեգրման. «Այսօր, եթե եվրոպական ֆիտոսանիտարիական նորմերը սկսեն աշխատել մեզ մոտ, մսի գինը 3-4 անգամ կբարձրանա, սննդամթերքինը` 2-2,5 անգամ»:
Խոսելով տարադրամի արժեւորման մասին` Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ նշեց, որ դոլարի թանկացումը արտահանողների համար լավ է, իսկ ներմուծողներին դա ձեռնտու չէ, ուստի ներմուծված ապրանքների թանկացումն անխուսափելի է: Ինչ վերաբերւոմ է եվրոյի էժանացմանը, ապա պարոն Մակարյանն ասաց. «Այստեղ որոշակի սպեկուլյացիա կա տեղական բիզնեսի կողմից, ոչ բարեխիղճ մոտեցում: Ո՞վ է ասել, որ ապրանքների մեծ մասը Եվրոպայից չեն ներմուծվում, եւ եթե եվրոն էժանանում է, ինչո՞ւ են դրան զուգահեռ գներն աճում»: Պարոն Մակարյանի կանխատեսմամբ եւ հաշվարկներով` գալիք շաբաթ 1 դոլարը կդառնա 430 դրամ, եւ աստիճանաբար թանկանալով 2013 թվականին կհասնի մինչեւ 509 դրամի, իսկ 2014 թվականին` 530 դրամի սահմաններին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև