Հունիսի 8-ին, ժամը 18-անց 15-ից մինչեւ 18-անց 30-ը տեղացած կարկուտը մեծ վնասներ է պատճառել Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորությամբ գտնվող Ջուջեւան գյուղում: Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանն ասաց, որ կարկուտը ամբողջությամբ վնասել է գյուղի ցանքատարածությունները, պտղատու ծառերը, ջարդվել են առանձնատների ծածկերի ազբոշիֆերները, մարդատար մեքենաների թիթեղյա ծածկերը եւ մեքենաների ապակիները : Կարկտահարությունն այնքան ուժգին է եղել, որ ընտանի կենդանիները խուճապահար փախել են բակերից: Գյուղապետն ասաց, որ դիմելու է Տավուշի մարզպետարան, որպեսզի հանձնաժողով կազմվի եւ այն ճշտի տարերքի պատճառած վնասի չափերը: Ջուջեւանի բնակիչ Եղիշե Պետրոսյանը մեզ է տրամադրել կարկտահարության վերաբերյալ լուսանկարներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ