Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանի նախաձեռնությամբ այսօր Թուրքիայից մտավորականների մի մեծ խումբ էր ժամանել հանրապետության երկրորդ քաղաք: Նրանց մեջ էին նաև «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքը` կինը, դուստրը, փեսան: Նշենք, որ այժմ «Ակոսի» խմբագրապետը Հրանտ Դինքի փեսան` Ռոբեր Քոփթաշն է: Մշակութային միջոցառումների մեծ մասը տեղի ունեցավ Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում: Այստեղ ցուցադրվեցին հայ ու թուրք լուսանկարիչների գործերը, կինոֆիլմ, այնուհետ տեղի ունեցավ բանավեճ-կոնֆերանս, որի ընթացքում մտավորականները իրենց կարծիքը ներկայացրեցին երկու թշնամացած հարևանների հարաբերությունների կարգավորման շուրջ: Գյումրիում Իտալիայի հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հրավերով միջոցառմանը ժամանել էին ՀՀ-ում դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Մի փոքր ուշացումով եկավ նաև Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպան Հանս-Յոհան Շմիդտը , ով նախքան դահլիճ ներս մտնելը, շփվեց լրագրողների հետ ու իր կարծիքն արտահայտեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Դեսպանը ափսոսանք հայտնեց, որ հայ-թուրքական արձանագրությունները կյանքի չկոչվեցին` Թուրքիայի վավերացնելուց հրաժարվելու պատճառով: Ըստ դեսպանի, հարաբերությունները այդուհանդերձ զարգանում են հասարակական գործիչների շնորհիվ: «Թուրքիան պետք է քաղաքականապես խոսոտովանի ինչ է կատարվել, հուսով եմ, որ Թուրքիան մի օր կհասկանա` եթե ուզում է այս տարածաշրջանում կարևոր դերակատարություն ունենալ , պետք է հաշտվի հայերի հետ, նա պարտավոր է», -ասաց Հանս-Յոհան Շմիդտը` հույսը չկորցնելով լինել Անիում ու Կարսում: Նշենք, որ դեսպանի պաշտոնավարման ժամկետը շուտով լրանում է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ