Այսօր, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացավ ասուլիս՝ նվիրված «Դիլիջան» երաժշտական փառատոնի հայաստանյան համերգաշարին, որն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ: «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական մրջազգային փառատոնը հունիսի 10-17-ը ներկայացնում է Լոս Անջելեսի «Դիլիջան» երաժշտական փառատոնը, որը համերգներով հանդես կգա Երեւանում եւ Դիլիջանում:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ հյուրընկալելով «Դիլիջանին»՝ «Երեւանյան հեռանկարները» հերթական անգամ ծառայում է իր նպատակին՝ աշխարհահռչակ երաժիշտների միջոցով ներկայացնելով հայ մշակույթն ու երաժշտությունը. «Դիլիջանի» բարձր կատարողականությամբ երաժիշտները կարեւոր խնդիր են լուծում՝ տարածում են հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Մեզ սպասվում է 8 հետաքրքիր եւ բարձրաճաշակ երաժշտությամբ համերգ, որոնցից մեկը՝ Դիլիջանում»,-ասաց փոխնախարարը:
Փառատոնի հիմնադիր նախագահ եւ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ երջանիկ է մեծ դժվարություններ հաղթահարած փառատոնի կայացման համար. «19 հայտնի երաժիշտները մեկը մյուսից շքեղ են եւ հայ կոմպոզիտորների գործերը հետագայում կհնչեցնեն նաեւ աշխարհի հզոր փառատոններում: Հայաստանում կներկայացվեն 12 հայ կոմպոզիտորի գործեր, ինչպես նաեւ՝ կհնչի համաշխարհային դասական երաժշտություն»:
«Դիլիջան» համերգաշարի ընթացքում հանդես կգա մեր հայրենակից, ալտահար Քիմ Քաշքաշյանը, ում անվան հետ է կապված ալտ գործիքի հանրահռչակումը: «Մեծ հաճույք է ինձ համար լինել Հայաստանում եւ մասնակցել այս նշանակալից փառատոնին»,-ասաց Քաշքաշյանը: Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնական կլարնետահար Միշել Զուկովսկին նշեց, որ մտադիր է ծանոթանալ հայ կլարնետահարների հետ եւ փոխանակվել փորձով:
Կարդացեք նաև
Բրիտանացի լեգենդար թավջութակահար, ծագումով Շրի Լանկայից Ռոհան դե Սարամը դեռեւս 52 տարի առաջ նվագել էր Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից. «Հետաքրքրված եմ հայկական ազգային երաժշտությամբ եւ գործիքներով: Ճիշտ է, եվրոպական ազգային երաժշտությունը հայտնի է 450 տարի, բայց ես հայկականն ավելի վեր եմ դասում, քանի որ առավել հարուստ է»,-հավելեց թավջութակահարը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ