Մեդիամաքս: Երեւանի Փակ շուկայի վերակառուցման էսքիզային նախագիծը գրեթե պատրաստ է եւ ՀՀ մշակույթի նախարարությանը կներկայացվի մոտ օրերս:
Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցին ասել է «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանը:
«Սեփականատիրոջ կողմից ներկայացվելիք նախագիծը գրեթե պատրաստ է: Որոշ հարցերի հստակեցումից հետո այն կներկայացվի մշակույթի նախարարությանը: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանի եւ նախարարության կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովը առաջարկել էր 5 կետ, որոնք մատնանշել են շուկայի վերականգման գործընթացը»,- ասել է Գրիգոր Ազիզյանը:
Ըստ Ազիզյանի, սեփականատիրոջ առաջարկած նախագծով շուկայի նկուղում նախատեսված է կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղի: Վերգետնյա հատվածում շուկայի նախկին տեսքը փոփոխությունների չի ենթարկվի:
Կարդացեք նաև
«Արտաքին տեսքի ընդհանուր փոփոխություններ չեն լինի: Միայն ստորգետնյա կայանատեղու կառուցման համար շենքի երկու կողմից կարվեն մուտքեր, որոնք թույլ կտան մեքենաներին իջնել ավտոկայանատեղի: Կայանատեղից վերեւ կտեղադրվեն շարժասանդուղքներ, որտեղից մարդիկ կբարձրանան 0 հարկ՝ առեւտուր կատարելու», – պատմել է Ազիզյանը:
Ավելի վաղ Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասել էր, որ շուկայի գլխավոր մուտքի դռները եւ բարձրադիր կամարով երիզված չուգունաձույլ վիտրաժը, որոնք ներկա պահին գտնվում են «Ալեքս Գրիգ» ընկերության պահեստում, խնամքով պահպանվելու են մինչեւ շուկայի վերականգնումը:
Անդրադառնալով Փակ շուկայի խնդրին՝ Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ այն իր նախկին ձեւով կվերականգնվի: «Ավելանալու է ընդամենը ստորգետնյա ավտոկայանատեղին: Որեւէ հարկ չի ավելանալու: Լինելու է մեծ շուկա՝ առանց սրահների, տաղավարների: Նոր անուն շուկան եւս չի ունենալու», – Մեդիամաքս-ին ասել էր Սամվել Ալեքսանյանը: